Պարզ ու կոնկրետ. հայտարարում ես նոր կառավարություն ու սկսում ես գործել՝ առանց ուշադրություն դարձնելու պարտվածների վրա


14:49 , 27 նոյեմբեր, 2020

Գործողության օրինակ

Մինչ այդ հարցին պատասխանելը տեսնենք, թե նմանատիպ իրավիճակում ժամանակին Աթաթուրքն ինչ է արել։ Սա ընդամենը որպես տեխնոլոգիա եմ ներկայացնում։

1918-ի հոկտեմբերի 30-ին կնքվում է Մուդրոսյան պայմանագիրը՝ Օսմանյան Թուրքիայի կապիտուլյացիայի ակտը, որի արդյունքում օկուպացվում են նախկին կայսրության կարևորագույն ստրատեգիական օբյեկտները, այդ թվում՝ Ստամբուլը։

1920 թվականին կնքվում է Սևրի պայմանագիրը, որով օկուպացված Օսմանյան կայսրությունը կնքում է իր վախճանը։

Մենք այնքան խոսեցինք Սևրի պայմանագրի մասին, որ իրոք այն կատարվեց, սակայն հակառակ նշանով, 2020-ի նոյեմբերի 10-ին կնքված կապիտուլյացիայի մասին հայտարարությունն, ըստ էության, մեր «Սևրի պայմանագիրն» է։ Կարճ ասած՝ Սևրը դարձավ իրականություն, բայց ոչ այն կերպ, ինչպես սպասում էինք։

Ի՞նչ արեց Աթաթուրքը։ Նախ՝ ինչ չարեց, չպահանջեց Ստամբուլի կառավարության հրաժարականը, այլ ձևավորեց նոր կառավարություն առանց Կոստանդնուպոլսի վրա ուշադրություն դարձնելու։ Նա ձևավորում է Ազգային մեծ ժողով, դառնում է դրա ղեկավարը, որպես կենտրոն է ընտրում Անկարան ու ստեղծում է նոր հանրապետություն։

Շատ պարզ ու տրամաբանական լուծում, որից հետո՝ 1923-ին, տեղի է ունենում Լոզանի կոնֆերանսը, որտեղ Թուրքիան երկու պատվիրակությամբ է հանդես գալիս՝ Կոստանդնուպոլսի օկուպացված կառավարության և Անկարայի չճանաչված հանրապետության։

Աթաթուրքի ռեֆորմներն ընդունելի են լինում եվրոպական երկրների համար, դրանք այդ ժամանակվա զարգացման տրամաբանության մեջ էին, և արդյունքում, պայմանագիրը կնքվում է Աթաթուրքի հետ։

Նորից եմ կրկնում՝ առանց հրաժարականների պահանջի, առանց միտինգների, առանց փողոց փակելու։ Պարզ ու կոնկրետ, հայտարարում ես նոր կառավարություն ու սկսում ես գործել՝ առանց ուշադրություն դարձնելու պարտվածների վրա։