19:36 , 2 օգոստոս, 2013
Doctors.am-ը գրում է.
Երբ քարը դուրս է գալիս երիկամից և խցանում միզածորանը, զարգանում է երիկամային խիթ: Միզածորանի լայնությունը 0.5-0.6 սմ է, իսկ քարերը կարող են զգալի չափերի հասնել: Երիկամային քարերը խաթարում են երիկամի աշխատանքը, խանգարում մեզի արտահոսքին, առաջացնում վարակ` պիելոնեֆրիտ: Միզաքարային հիվանդության հավանականությունը մեծանում է, եթե այդ հիվանդությունն առկա է ծնողներից մեկի մոտ:
Կարելի է ինքնուրույն պատկերացում կազմել երիկամում քարերի առաջացման հավանականության մասին` չափելով մեզի pH-ը` լակմուսի թուղթը թարմ մեզի մեջ իջեցնելով: Եթե մեզի թթվայնությունը 6.2-6.4 է, ապա քարերի առաջացման հավանականությունը շատ քիչ է, երբ ռեակցիան դառնում է թթվային կամ հիմնային, ապա առաջանում են, համապատասխանաբար, օքսալատային կամ ուրատային քարեր:
Ժամանակակից բժշկությունը միզաքարային հիվանդության բուժման բազմաթիվ մեթոդներ է առաջարկում: Դրանցից մեկը քարի փշրումն է` այն բարձր կամ ցածր ճնշման ազդեցության ենթարկելով: Նման ճնշումը հյուսվածքների համար տրավմատիկ չէ, սակայն քայքայում է քարերի բյուրեղային ցանցը: Գործընթացը տևում է 15 րոպե, մարդն այդ ընթացքում թեթևակի հարվածներ (ապտակներ) է զգում մեջքին:
Որոշ ժամանակ անց` փշրված քարն ավազի տեսքով հեռանում է միզուղիների միջոցով: Միզաքարային հիվանդությունը կարելի է նաև կանխարգելել` օրական 2,5 լ հեղուկ օգտագործելով,քանի որ քիչ քանակությամբ հեղուկ օգտագործելու դեպքում մեզը խտանում է, դառնում կոնցենտրացված, ինչը նպաստում է քարագոյացմանը: