Ես չեմ հերքում, այս պահին չեմ կարող նման տեղեկություն տալ. սարքավորումներով գծում են սահմանագիծը. Վարդենիսի քաղաքապետը՝ ադրբեջանցիների՝ Սոթքի հանք ներթափանցելու մասին


18:27 , 26 նոյեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Ես չեմ կարող ոչ հաստատել, ոչ հերքել: Սա մի քիչ ռազմական մասշտաբի հարց է: Իհարկե, կան որոշ տեղեկություններ, բայց լիազորված չեմ նման հարցերի պատասխանել: Ընդհանրապես, տեղակայվում են բոլոր զորքերը՝ ըստ սահմանագծի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը` անդրադառնալով դիտարկմանը, թե տեղեկություններ են շրջանառվում, որ 80 ադրբեջանցի զինվորականներ ներթափանցել են Սոթքի ոսկու հանք:

«Հանքի տարածք մտնելը ես չեմ կարող հաստատել կամ հերքել, իմ ունեցած տվյալներով՝ զինվորականները երկու կողմից էլ՝ և՛ հայ, և՛ ադրբեջանցի, ճշտումներ են անում սահմանի վերաբերյալ՝ ամբողջ գծի երկայնքով: Նրանց հետ են ռուս խաղաղապահները»,-ասաց քաղաքապետը:

Հարցին՝ այսինքն՝ նա հերքու՞մ է, որ 80 ադրբեջանցի զինվորականներ մտել են ոսկու հանք, Մելքոնյանը պատասխանեց. «Ես չեմ հերքում: Ես այս պահին չեմ կարող նման տեղեկություն տալ: Իմ տեղեկություններով՝ գծում են սահմանագիծը՝ ժամանակակից սարքավորումներով»,-ասաց նա:

Հարցին էլ՝ ժամկետ ասվե՞լ է՝ երբ են այդ ճշտումներն ավարտվելու, Մելքոնյանն ասաց, թե ինքը չունի նման տեղեկություն:

Հարցին՝ ի վերջո, Սոթքի հանքի ո՞ր հատվածն է մնում Քարվաճառում, որը հանձնվել է Ադրբեջանին, որը՝ ՀՀ-ում, Մելքոնյանն արձագանքեց՝ չի կարող ասել. «Սոթքի հանքի հատվածներ հատվում են սահմանագծին, որոշ հատվածներ մնում են սահմանագծից մեր կողմ: Ճշտումներ են ընթանում, թե որտեղ է հատվում սահմանը, որտեղ պետք է լինեն իրենց զորքերը, որտեղ՝ մեր, իրենք չեն կարող ոսկու հանք մտնել: Իմ տեղեկություններով՝ այդքանն է»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ