Երեկվանից չկան կորոնավիրուսով վարակված այնպիսի քաղաքացիներ, որոնք գտնվում են ծանր վիճակում ու չեն կարողանում տեղավորվել հիվանդանոցներում


13:26 , 26 նոյեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը:

Նախարարը նշեց, որ հիվանդանոցային ֆոնդի ծանրաբեռնվածությունը տանելի է։ «Երեկվանից չունենք քաղաքացիներ, որոնք գտնվում են ծանր վիճակում ու չենք կարողանում տեղավորել, հույս ունենք՝ իրավիճակը կպահպանվի»,-ասաց նախարարը։

Անդրադառնալով պատվաստանյութին՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ ունեն վճարած կանխավճար պատվաստանյութ ձեռք բերելու համար։ «Մենք նախնական պատվիրել ենք մեր բնակչության տասը տոկոսի չափով՝ 300 հազար բնակչի հաշվարկով, մատակարարման ամսաթիվը տատանվում է գարնան կեսերին»,-ասաց Թորոսյանը։ Նա վստահեցրեց, թե պատվաստանյութը ձեռք բերելու համար գնում են աշխարհին համընթաց, իսկ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց աշխարհի փորձը այս առումով: