19:30 , 2 օգոստոս, 2013Մարդկության կատարած գիտափորձերը և հետազոտական էթիկան ժամանակի ընթացքում զարգացել են: Գիտափորձերի սուբյեկտներ են եղել բանտարկյալները, ստրուկները կամ նույնիսկ ընտանիքի անդամները: Որոշ դեպքերում բժիշկները փորձեր են կատարել իրենք իրենց վրա, քանզի չեն ցանկացել վտանգել այլ մարդկանց կյանքը: Ստորև ներկայացված է մարդկության վրա կատարված հակաէթիկական գիտափորձերի վեցնյակը:
6. Ստենֆորդի բանտի գիտափորձը

Ստենֆորդի բանտի գիտափորձը հոգեբանական էր, որում ուսումնասիրվում էր մարդու արձագանքը ազատազրկմանը և դրա թողած հետևանքը բանտարկյալների ու կառավարիչների վրա: Գիտափորձն իրականացվել է 1971 թ.-ին Ստենֆորդի համալսարանի հոգեբան Ֆիլիպ Զիմբարդոյի գլխավորած թիմի կողմից: Համալսարանի ուսանող կամավորները խաղում էին և՛ հսկիչների, և՛ բանտարկյալների դերը Ստենֆորդի հոգեբանության մասնաշենքի նկուղում: Բանտարկյալներն ու պահակները շատ արագ վարժվեցին իրենց դերերին և ավելի հեռուն գնացին, քան նախատեսված էր կամ կարելի էր կանխատեսել: Այսպես, առաջացած վտանգավոր հոգեբանական իրավիճակների մեկ-երրորդում նրանք սադիստական հակումներ դրսևորեցին, իսկ բանտարկյալներից շատերն էլ էմոցիոնալ տրավմա տարան գիտափորձի ընթացքում: Բանտարկյալի դերը ստանձնած կամավորներից երկուսին ազատել էին գիտափորձին մասնակցելու պարտականությունից մյուսներից ավելի շուտ: Ի վերջո Զիմբարդոն սթափվեց գիտափորձի սուբյեկտների հակասոցիալական վարքագծից և ավարտեց գիտափորձը նախատեսվածից ավելի շուտ:
5. Հրեշավոր հետազոտությունը

Հրեշավոր հետազոտությունը տեղի է ունեցել 1939 թ.-ին 22 որբ երեխաների վրա: Այն գլխավորել է Վենդել Ջոնսոնը Իովայի համալսարանից: Ջոնսոնն ընտրեց մագիստրատուրայի ուսանողներից մեկին` Մերի Թյուդորին, որպեսզի նա իրականացնի հետազոտությունը, մինչ ինքը կհամակարգեր այն: Երեխաներին վերահսկողական և փորձարարական խմբերի դասելուց հետո Թյուդորը դրական խոսքային թերապիա տվեց երեխաների կեսին` գովելով նրանց խոսքի սահունությունը: Մյուս կեսին նա բացասական խոսքային թերապիա տվեց` երեխաներին պախարակելով խոսքի ամեն մի չնչին սայթաքման համար և նրանց կակազ անվանելով: Նորմալ խոսող երեխաներից շատերը, ովքեր բացասական թերապիա էին ստացել, հոգեբանական ծանր ցնցումներ ունեցան, իսկ ոմանք էլ անգամ ողջ կյանքի ընթացքում չազատվեցին խոսակցական խնդիրներից: Քանի որ հակաէթիկական էր գիտափորձ անցկացնել որբ երեխաների վրա` զուտ ինչ-որ տեսության հավաստիության մեջ համոզվելու համար, գիտափորձը գաղտնի էր պահվում: Հակառակ դեպքում Ջոնսոնի վարկանիշը կտրուկ կիջներ: Սակայն հետագայում դրա մասին իմացան, իսկ 2001 թ.-ին Իովայի համալսարանը պաշտոնապես ներողություն խնդրեց հրեշավոր գիտափորձի համար:
4. Ատելության նախագիծը

Հարավային Աֆրիկայի Ապարտեիդ բանակը ստիպեց սպիտակամորթ լեզբուհիներին և գեյերին ենթարկվել սեռափոխության վիրահատության 1970-1980-ականներին և նրանցից շատերին էլ ենթարկեց քիմիական ամորձատման, էլեկտրաշոկի և այլ հակաէթիկական բժշկական գիտափորձերի: Թեպետ այս գիտափորձի սուբյեկտների ստույգ թիվը պարզ չէ, բանակի նախկին բուժաշխատողներն ասում են, որ այս թիվը հասնում է 900-ի: Գիտափորձի նպատակն էր նույնասեռականությունը բանակից արմատախիլ անել:
Բանակային հոգեբույժները և հոգևորականները ագրեսիվորեն փնտրում ու գտնում էին մարդկանց, ում նրանք կասկածում էին նույնասեռականության մեջ: Նրանց միանգամից ուղարկում էին զինվորական հոգեբուժական բաժին: Այն մարդկանց, ովքեր չէին «բուժվում» դեղերով, ատելության շոկային թերապիայով, հորմոնային բուժումով, ենթարկում էին սեռափոխության վիրահատության կամ ամորձատում էին: Թեպետ արձանագրվել են մի քանի դեպքեր, երբ լեսբուհիներին են ենթարկել ճնշումների (արձանագրվել է անգամ մի լեսբուհու սեռափոխության վիրահատություն), այնուհանդերձ, զոհերի մեծ մասը 16-24 տարեկան սպիտակամորթ տղաներ են:
3. Հյուսիսային Կորեայի փորձը

Եղել են շատ զեկույցներ Հյուսիսային Կորեայի փորձարարության մասին: Այս զեկույցներից երևում է, որ այդ փորձերով ոտնահարվել են մարդու իրավունքները, թեև Հյուսիսային Կորեայի կառավարությունը հերքում է մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը: Այն պնդում է, որ Հյուսիսային Կորեայում բոլոր բանտարկյալներին մարդավարի են վերաբերվում:
Հյուսիսային Կորեայի նախկին բանտարկյալներից մի կին պատմում է, թե ինչպես են ընտրել հիսուն առողջ կին բանտարկյալներ և նրանց տվել թունավոր կաղամբ: Բոլոր կանանց ստիպել են ուտել թունավոր կաղամբը: Նրանք, ովքեր կերել են, սկսել են սթրեսից լացել: Բոլոր հիսուն կանայք էլ մահացել են ուտելուց քսան րոպե հետո: Իսկ մահվանը նախորդող քսան րոպեների ընթացքում նրանք փսխել են և ունեցել անալային արնահոսություն:
Քվոն Հյոքը, ով նախկին բանտապետ է, ասել է, որ գործարաններում պահվում էր թունավոր գազ, և այնտեղ կատարվում էին արյունալի գիտափորձեր, որոնցում 3 կամ 4 մարդ` սովորաբար միևնույն ընտանիքի անդամներ, հանդիսանում էին գիտափորձի սուբյեկտներ:
2. Թունանյութերի խորհրդային լաբորատորիան

Թունանյութերի խորհրդային լաբորատորիան, որը հայտնի է նաև իբրև Լաբորատորիա 1 և Լաբորատորիա 12, թունանյութերի հետազոտման և արտադրման կենտրոն էր, որն օգտագործվում էր սովետական գաղտնի ոստիկանական ծառայությունների կողմից: Սովետական ուժերը մի շարք թունավոր նյութեր փորձում էին ժողովրդի թշնամի հռչակված մարդկանց վրա: Այս փորձերի նպատակն էր գտնել անհամ և անհոտ մի թույն: Թունանյութերը տրվում էին այս մարդկանց որպես դեղամիջոցներ ինչ-որ ըմպելիքի կամ ուտելիքի հետ:
Ի վերջո C-2 կոչվող թունանյութ ստեղծվեց: Ականատեսների խոսքով` այս թունանյութն ընդունելուց հետո զոհի արտաքին տեսքը փոխվում էր. նա անմիջապես դառնում էր ավելի կարճահասակ, ավելի թույլ և տասնհինգ րոպե լուռ էր: Մաիրանովսկին անձամբ էր անցկացնում գիտափորձերը, իսկ նրա աշխատանքը վերահսկում էր Պավել Սուդոպլատովը:
1. Թուսքեգիի` սիֆիլիսի հետազոտությունը

Սևամորթ տղամարդու չբուժված սիֆիլիսի հետազոտությունը անցկացվել է Ալաբամայի Թուսքեգիում 1932- 1972 թթ.: Այս փորձի ընթացքում 399 սիֆիլիսով հիվանդ աղքատ ու անգրագետ աֆրոամերիկացի տղամարդկանց հրաժարվել են բուժօգնություն տրամադրել: Այս հետազոտությունը տխրահռչակ է, քանզի նրա մասնակիցներին ժամանակին չի տրամադրվել անհրաժեշտ օգնություն: Հիվանդներին չեն ասել, որ իրենք հիվանդ են սիֆիլիսով: Փոխարենը ասել են, որ նրանց արյունը վատն է, և նրանք կարող են անվճար բուժօգնություն ստանալ, անվճար օգտվել տրանսպորտից` հիվանդանոց հասնելու համար: Ասել են նաև, որ մեռնելու դեպքում նրանց թաղման արարողության ծախսերը ևս իրենք կհոգան: 1932-ին, երբ հետազոտությունը սկսեց, սիֆիլիսի ստանդարտ բուժումները համարվում էին վտանագավոր, թունավոր: Կասկածելի էր նաև դրանց արդյունավետությունը: Այս գիտափորձի նպատակն էր պարզել` արդյո՞ք հիվանդները ավելի լավ կզգային իրենց, եթե այս թունավոր դեղամիջոցներով չբուժվեին: Գիտափորձի ավարտին սուբյեկտներից միայն 74-ն էին ողջ: Տղամարդկանցից քսանութը մահացել էին սիֆիլիսից, հարյուրը մահացել էին դրա հետ կապված այլ բարդություններից: Նրանցից քառասունի կանայք էլ վարակվել էին: