ՀՀ-ի հետ կապված հարցերը, այլեւս, քննարկվում և լուծվում են առանց Հայաստանի մասնակցության. Փաշինյանի կառավարման տարիներին ՀՀ-ն միջազգային սուբյեկտից վերածվել է միջազգային օբյեկտի. Գոհար Մելոյան


21:30 , 25 նոյեմբեր, 2020

Նիկոլ Փաշինյանի կառավարման ընդամենը 2 տարում Հայաստանը միջազգային սուբյեկտից վերածվել է միջազգային օբյեկտի։

Հայաստանի հետ կապված հարցերը, այլեւս, քննարկվում և լուծվում են բացառապես առանց Հայաստանի մասնակցության։

Դիտարկենք վերջին օրերին հարևան պետությունների մի շարք հայտարարություններ և գործողություններ, որոնք ուղղակիորեն հավաստում են վերոնշյալը։ Այսպես.

1. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող եկեղեցիները ոչ միայն հայկական, այլև՝ համաշխարհարային մշակույթի արժեքներ և համաքրիստոնեական սրբավայրեր են, եւ իր անձնական պաշտպանության տակ է առնում։

2. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2 միլիոն եվրո է հատկացնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Լեռնային Ղարաբաղում գերիների փոխանակման և անհայտ կորած անձանց գտնելու նպատակով։

3. Անհայտ կորած և գերեվարված հերոսների ծնողները հավաքվում են Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առաջ՝ ներկայացնելով Ռուսաստանի Դաշնության նախագահին ուղղված նամակ՝ իրենց աջակցելու խնդրանքով։

4. Արցախցիներն անձամբ են ադրբեջանցի սպաների հետ քննարկում հայկական գյուղերից իրենց իրերը դուրս բերելու վերջնաժամկետները՝ շնորհակալություն հայտնելով ադրբեջանցի զինվորներին։

5. Ռուս խաղաղապահները և ադրբեջանցի զինվորները միասին գծում են Լեռնային Ղարաբաղում ռուս և ադրբեջանցի ուժերի վերահսկողության գոտիները՝ առանց Արցախի կամ Հայաստանի իշխանությունների որևէ ուղղակի կամ անուղղակի մասնակցության։

6. Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղության երաշխավորներն են Թուրքիան, Ռուսաստանը և Ադրբեջանը, իսկ ՀՀ որևէ պաշտոնատար անձ որեւէ կերպ չի արձագանքում այդ հայտարարությանը։

7. Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է և քննարկում է Սյունիքի տարածքով ճանապարհեր/երկաթուղիներ կառուցելու նախագծեր, իսկ ՀՀ որևէ պաշտոնատար անձ որեւէ կերպ չի արձագանքում այս հայտարարությանը։

Ակնհայտ է, որ, եթե գործող իշխանությունները շարունակեն իրենց տխրահռչակ կրավորական կեցվածքով պաշտոնավարումը՝ իրավիճակը դառնալու է շատ ավելի նվաստացուցիչ Հայաստանի համար, իսկ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանության իրավազորության ներքո միայն լինելու է մեր վճարած հարկերից հատկացվելիք պարգևավճաների չափի որոշումը։

Հայաստանի Հանրապետությանը միջազգային հարաբերությունների օբյեկտից սուբյեկտ վերադարձնելու համար օրվա հրամայական է այս իշխանությունների հեռացումը և ազգային համաձայնության կառավարության ձևավորումը՝ առաջիկա մեկ տարվա ընթացքում անցկացնելով նոր ընտրություններ։