«Այժմ, երբ տարածաշրջանում զինված գործողությունները գրեթե ամբողջությամբ դադարել են, կարևոր է գնահատել է մշակութային օբյեկտների ներկայիս վիճակը». ռուս փորձագետ


16:51 , 25 նոյեմբեր, 2020

Լիխաչևի անվան մշակութային և բնական ժառանգության ռուսական գիտահետազոտական ինստիտուտի համաշխարհային ժառանգության ու միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Նադեժդա Ֆիլատովան ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նշել է, որ Լեռնային Ղարաբաղի վիճակը գնահատման կարիք ունի, որը կարող են իրականացնել միջազգային փորձագետներից կազմված խմբերը, այդ թվում՝ ռուսներից, որոնք Սիրիայում աշխատանքի փորձառություն ունեն:

Ըստ Ֆիլատովայի՝ գոյություն ունի պրակտիկա, համաձայն որի՝ բարձր ռիսկային գոտում գտնվող մշակութային արժեքները հայտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում՝ չհանդիսանալով համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտներ: Դա արտակարգ միջոց է և կիրառվում է այն դեպքում, երբ տեղի իշխանությունները չեն կարողանում ապահովել հուշարձանների անվտանգությունը, և միջազգային միջամտության կարիք է առաջանում:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական և ճարտարապետական ժառանգությանը, ապա, նախևառաջ, անհրաժեշտ է հասկանալ՝ դրանց իրական վտանգ սպառնում է արդյոք, թե ոչ: Այժմ, երբ տարածաշրջանում զինված գործողությունները գրեթե ամբողջությամբ դադարել են, կարևոր է գնահատել է օբյեկտների ներկայիս վիճակը՝ հետագա որոշումներ կայացնելու համար», - ասել է Ֆիլատովան:

Նրա կարծիքով՝ արդյունավետ կլիներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՕՄՈՍ-ի փորձագետների միասնական առաքելություն կազմակերպել, ներգրավել ռուս մասնագետների, որոնք փորձ ունեն դժվար պայմաններում, մասնավորապես՝ Սիրիայում, աշխատելու:  

«Առաքելությունը կմեկնի այնտեղ և տեղում կգնահատի օբյեկտների ֆիզիկական վիճակը և այն իրավահարաբերությունների համակարգը, որը ձևավորվել է դրանց շուրջ: Ո՞վ է հանդիսանում դրանց օգտագործողը, ո՞վ է պատասխանատվություն կրում օբյեկտները պահպանելու, արդյոք կարիք կա ՞անհապաղ վերականգնողական աշխատանքների. սրանք այն հարցերն են, որոնց պետք է պատասխանեն առաքելության անդամները: Այն ժամանակ, երբ հասկանալի կլինի խնդիրների շրջանակը, հարկավոր կլինի որոշում կայացնել այն մասին, թե ինչ մեխանիզմներ պետք է գործարկվեն հետագայում», - մանրամասնել է Ֆիլատովան: