Այս պատերազմում մենք ոչ թե հողեր կորցրինք, այլ ամբողջական հայրենիք. Մոնթեն կրկին է սպանվել, ջուր է դարձել նաև մյուս բոլոր հերոսների արյունը


12:03 , 25 նոյեմբեր, 2020

Իրականում ոչ մի 20-30.000-անոց զորք չի փրկվել: Այդքան զորք ունեցող բանակը հստակ հաղթանակ կարող էր ապահովել:

Աշխարհագրորեն նույնպես ոչ մի տարբերակով ոչ մի նման քանակությամբ զորք չէր կարող հայտնվել շրջափակման մեջ: Եվ բոլորը գիտեն, որ թշնամու բանակն իր հերթին այլևս հյուծված էր և սպառված:

Իսկ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի խոսքերն՝ ի սկզբանե պարտված լինելու մասին, աղբ են, դավաճանական պլանի մաս:

Եթե աշխարհում ամեն բան վճռվեր հօգուտ մեծերի և լավ զինվածների, հարյուրհազարանոց զորքով պաշտպանվող միլիոնանոց քաղաք Մոսուլն ընդամենը հարյուր հիսուն վատ զինված ահաբեկչական հրոսակի չէր ընկնի:

Եվ հետո` ո՞ւմ մեղքն է, որ բանակը չէր կարող դիմադրել: ԳՇ պետը դա իբրև թե լավ գիտեր, ուրեմն պարտականություն ուներ, օրինակ, հենց միայն անօդաչուներ արագ ձեռք բերելու:

Փոխարենը ոչինչ չէին արել և չէին արել կանխամտածված:

Հայաստանը կարող էր հաղթել: Հայ մարդը, հայ զինվորը հաղթում էր: Տեսնելով, որ չի պարտվում, գործի դրվեց դավաճանության առավել վճռական մեքենան. նախ՝ հանձնվեց Շուշին, ընդ որում, բավարարելով թշնամու գաղտնի պահանջը` նրա դրոշի օրը, և հետո` արագ և գաղտնի ստորագրվեց կապիտուլյացիան:

Պետք էր ստորագրել: Զինվորը կռվում էր, բարձրագույն հրամկազմն ամեն բան արել էր, որ զինվորը պարտվի, բայց զինվորը կռվում էր...

Իսկ ստորագրելուց հետո, երբ մտավ ռուսական զորքը և նաև հնարավորություն ստեղծվեց «պաշարվելիք» հայկական ուժերը վերադասավորելու, միանշանակ, կարելի էր այլ իրողություններ ստեղծել գետնի վրա և ապօրինի հայտարարության առանձին կետերից հրաժարվել: Պատերազմը շարունակելու ռեսուրս կար: Կար և հնարավորություն: Կար հնարավորություն ինքնակամ, անգամ ջանադրաբար գոնե Քարվաճառն ու Բերձորը չտալու, Մեղրիի ինքնասպանական միջանցքի թեման մեջտեղից հանելու:

Սա պայմանավորված պատերազմ էր: Եվ այս պատերազմում մենք ոչ թե հողեր կորցրինք, այլ ամբողջական հայրենիք: Մենք ոչ թե 5.000 կյանք խոնարհեցինք, այլ 35.000: Գուցեև միլիոն:

Որովհետև կրկին` մի երկրորդ անգամ զոհվեցին նաև նրանք, որ դարեր շարունակ կռվել էին Արցախի՝ Հայաստանի համար, և որոնց մահն իմաստ էր ստացել վերջին 27 տարիներին, իսկ արյունը՝ բերրիացրել հայրենի հողը:

Հիմա մեկ պատմական նախադեպը չունեցող դավաճանի գործողությամբ չկա հայրենիք, չկա և զոհերի երախտիք:

Մոնթեն կրկին է սպանվել, Լեոնիդը` գերեզմանում շուռ եկել: Ջուր է դարձել նաև մյուս բոլոր հերոսների արյունը:

Պատերազմ էլի է լինելու:

Այլևս այլ ելք, քան անվերապահ հաղթանակ, մենք չենք ունենալու:

Պատրաստվել պետք է հենց այս առավոտից: Բայց քանի դեռ առավոտները լուսանում են դավաճանի հայկական հողի վրա կանգնած լինելու պայմաններում, մենք պարտված ենք, մենք պարտվելու ենք: