Սփյուռքի 20-ից ավելի կառույցներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը


11:19 , 25 նոյեմբեր, 2020

Նոյեմբերի 9-ի Արցախյան հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո բողոքի ալիք է բարձրացել նաև Հայկական սփյուռքի տարբեր համայնքներում։ Այս մասին հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։

Շուրջ երկու տասնյակից ավելի կազմակերպություններ և կառույցներ, մասնավորապես՝ տարբեր երկրներում գործող  Հ․Յ․Դաշնակցության մարմինները, օժանդակ և գործընկեր կառույցները հանդես են եկել հայտարարություններով և ուղերձներով, որոնցում խստիվ դատապարտում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարությունը։

Նշված կազմակերպությունները ստեղծված իրավիճակի, ստորագրված փաստաթղթով նախատեսված հակազգային և հակապետական դրույթների, ներազգային անհամերաշխության և ընդդիմության նկատմամբ կիրառվող բռնարարքների պատասխանատու են համարում ՀՀ վարչապետին ու նրա թիմին։ Որպես ելք՝ նշված կառույցներն իրենց համերաշխությունն են հայտնում ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնին և գործընկեր 16 կուսակցություններին իրենց բողոքի գործողությունների և առաջադրած ճանապարհային քարտեզի իրագործման հարցերում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականի պահանջով, մասնավորապես, հանդես են եկել Սփյուռքի հետևյալ կազմակերպություններն ու կառույցները՝

Քուվեյթի ազգային կառույցներ

ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտե

Լիբանանի օգնության խաչի շրջանային վարչություն

ՀՄԸՄ-ի Լիբանանի շրջանային վարչություն

ՀՅԴ Զավարյան ուսանողական միություն և Լիբանանի երիտասարդական միություն

Համազգային հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչություն

ՀՅԴ Կանադայի կենտրոնական կոմիտե

ՀՅԴ Կենտրոնական Եվրոպայի շրջան, Ավստրիայի Հայ դատի հանձնախումբ, ՀՄԸՄ-ի Վիեննայի մասնաճյուղ

ՀՅԴ «Արմեն Գարո» ուսանողական միություն (Կանադա), Մոնռեալի համալսարանի հայ ուսանողական միություն, Գոնգորտիա համալսարանի հայ ուսանողական միություն

ՀՅԴ Հյուսիսային և Հարավային Իրանի կենտրոնական կոմիտեներ

ՀՅԴ Հունաստանի կենտրոնական կոմիտե

Սիրիայի Հայ դատի հանձնախումբ

ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտե

ԱՄՆ Արևելյան շրջանի ՀՅԴ կենտրոնական կոմիտե

ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտե