Պուտինը հայտնել է Ղարաբաղում կարգավորման շուրջ Ռուսաստանի ջանքերի մասին


16:07 , 24 նոյեմբեր, 2020

Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործում միջնորդության համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք եռանդուն ջանքեր ենք ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում ռազմական գոծողությունների դադարեցման համար, որոնք հանգեցրել են մեր բարեկամական Ադրբեջանի եւ Հայաստանի հազարավոր քաղաքացիների զոհվելուն։ Ընդ որում, մենք հետեւել ենք առանցքային պայմանավորվածություններին, որ ձեռք են բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբում։ Մասնավորապես, նրա համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջեւ։ Գլխավորը, որին հաջողվել է հասնել, արյունահեղության դադարեցումն է, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների, Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության մեջ հրադադարի հաստատման ամրագրումը»,- ասել է Պուտինը օտարերկրյա պետությունների դեսպաններին հավատարմագրեր հանձնելու արարողության ժամանակ։