Մի քանի նախարարությունում արգելել են աշխատակիցներին մասնակցել ցույցերին՝ սպառնալով տուգանել. «Փաստ»


10:26 , 24 նոյեմբեր, 2020

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում ընթացող քաղաքական գործընթացները բավականին բուռն զարգացումներ են ունենում, որոնք գործող իշխանությունների համար դարձել են լուրջ գլխացավանք։ Արդեն երկու շաբաթ շարունակ Երեւանում, իսկ վերջին մի քանի օրերին նաեւ մարզերում բողոքի ակցիաներ են տեղի ունենում, որոնց մասնակիցները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այս հանգամանքը, մեր տեղեկություններով, իշխանության մեջ լուրջ մտավախություններ է առաջացրել։

Այս առիթով «Փաստին» որոշ մանրամասներ են հայտնի դարձել. մասնավորաբար, մեր աղբյուրի փոխանցմամբ, նախորդ շաբաթ մի քանի նախարարություններում ժողովներ են անցկացրել՝ իրենց աշխատակիցներին հորդորելով ոչ մի դեպքում չմասնակցել Ազատության հրապարակում ընթացող ցույցերին, թեկուզ եւ դրանք անցկացվում են աշխատանքային ժամերից հետո։

Ժողովականներին սպառնալից ասվել է, որ ցույցերը ՀՀ-ում ներկայումս արգելված են՝ պայմանավորված ռազմական դրությամբ, իսկ նրանք, ովքեր, այնուամենայնիվ, կմասնակցեն, կտուգանվեն 400 հազար դրամի չափով։ Ի դեպ, մեր աղբյուրը փոխանցեց, որ արդեն նախարարությունների մի քանի աշխատակիցներ «բռնվել» են եւ տուգանվել, թեպետ միայն 10 հազար դրամի չափով։

Այսուամենայնիվ, մեր հավաստի տեղեկություններով, պետական գերատեսչություններում Նիկոլ Փաշինյանից, նրա ստորագրած կապիտուլ յացիոն փաստաթղթից դժգոհները եւ ցույցերին ու զանգվածային միջոցառումներին մասնակցել ցանկացողների թիվը բավական մեծ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում