Նա ծավալել է գնահատելի սոցիալ-հասարակական գործունեություն, նպաստել մանկական առողջապահության ոլորտի մի շարք խնդիրների լուծմանը․ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ


00:16 , 21 նոյեմբեր, 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռիտա Սարգսյանի մահվան  կապակցությամբ, այս մասին տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը։ Ուղերձում ասվում է․

«Ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի անժամանակ մահվան մասին։

Որպես «Նվիրիր կյանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ` տիկին Սարգսյանն իր կարևոր դերակատարումն է ունեցել արյան քաղցկեղի դեմ պայքարող հայ փոքրիկներին աջակցելու գործում` նպաստելով մանկական առողջապահության ոլորտի մի շարք խնդիրների լուծմանը: Նրա գործունեության արդյունքում վերակառուցվել են առողջապահական եւ ուսումնական հաստատություններ։

Տիկին Սարգսյանը նաեւ ծավալել է գնահատելի սոցիալ-հասարակական գործունեություն, խրախուսել մշակութային կյանքի աշխուժացմանը։

Մեր ընտանիքի անունից ցավակցություն եմ հայտնում Սարգսյանների սգակիր ընտանիքին»։