Երբ չեք ստանում խոստացված հանգստի պայմանները


12:10 , 2 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում, երբ հանգստի եք մեկնել ու հայտնաբերել, որ բոլորովին այն պայմանները չեն, ինչ խոստացել էին տուրիստական ընկերությունում:

Նման իրավիճակում պաշտպանված լինելու համար անհրաժեշտ է ունենալ պայմանագիր: Այս հարցը կարգավորվում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի յոթերորդ բաժնի հինգերորդ՝ Ծառայություններ մատուցելու պայմանագրեր ենթաբաժնով: 

Ըստ 777-րդ հոդվածի առաջին կետի՝ Պատվիրատուն պարտավոր է իրեն մատուցված ծառայությունների համար վճարել ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրում նշված ժամկետներում և կարգով:

Նույն հոդվածի երրորդ կետով նախատեսվում է, որ այն դեպքում, երբ պայմանագրի կատարման անհնարինությունը ծագել է այնպիսի հանգամանքներից, որոնց համար կողմերից որևէ մեկը պատասխանատվություն չի կրում, պատվիրատուն կատարողին հատուցում է նրա կատարած փաստացի ծախսերը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով:

Տուրիստական գործակալությունները և օտարերկրյա ընկերությունները պարտավորությունների կատարման մեջ թերանալու դեպքում հարաբերությունները կարգավորում են միջազգային դատարաններում: «Անի տուր» տուրիստական գործակալության տնօրեն Վոլոդյա Առուշանյանը նշեց, որ իրենց պրակտիկայում նման բան չի գրանցվել: Եթե լինի, կողմերի համաձայնության չգալու դեպքում դատական միջամտությամբ ու պայմանագրերով հարցը կլուծվի: