«Զինվորականների շորերով Փաշինյանի բեմադրած կապիտուլյացիոն հանրահավաքը ոչնչացնում է մեր բանակի, այն է՝ մեր պետության լեգիտիմության վերջին փշրանքները». Անդրանիկ Թևանյան


02:26 , 19 նոյեմբեր, 2020

Ինչ աստիճանի պետք է եսակենտրոն լինես, ինչ աստիճանի ատես ղեկավարածդ պետությունը և ինչ աստիճանի մտածես կաշվիդ, աթոռիդ մասին, որ Հանրապետության հրապարակում կապիտուլյացիան փառաբանող խաժամուժ հավաքես։

Աշխարհի ո՞ր երկրում է հանրահավաք եղել՝ ի պաշտպանություն կապիտուլյացիայի ու պետությունը փլուզման տանող ղեկավարի։

Երբ զինվորական հագուստ հագցրած մարդկանց տանում ես հանրահավաքի ու նրանց բերանը դնում «Մենք շնորհակալ ենք Նիկոլ Փաշինյանից, որ նա մեր կյանքը փրկեց» նախադասությունը, այդ պահից սկսած մեռնում է պետությունը։ Ո՞նց կարող է զինվորականի հագուստով մարդը կապիտուլյացիան գովերգի և վախենա մահից։ Նույնիսկ եթե վախենում է, միևնույն է, դա չպետք է քարոզվի, քանզի զինվորականը երդվում է կյանքը տալ հանուն Հայրենիքի։

Լավ է, իհարկե, որ զինադադար է եղել (պատերազմը, պարտությունը Նիկոլի խղճի ու քաղաքական պատասխանատվության վրա է), բայց վատ է, որ պարտության փառաբանում է կազմակերպվում։

Շատերը դեռ չեն զգում, բայց մենք տանուլ ենք տվել ոչ թե Արցախի տարածքները, այլ կորցրել ենք հայկական երկրորդ պետությունը և գրեթե մահացու հարված ենք ստացել ամբողջ Հայաստանի մասով։

Մեր բանակը մինչև 2020թ․ սեպտեմբերի 27-ն ամենալեգիտիմ պետական կառույցն էր։ Պետական ինստիտուտներից հիմնականը, որի հանդեպ գրեթե կասկած չկար։ Հիմա այդ ինստիտուտը փլուզվել է, և ըստ այդմ, մեր պետության լեգիտիմության հիմքն է լրջագույն հարված ստացել։

Զինվորականների շորերով Փաշինյանի բեմադրած կապիտուլյացիոն հանրահավաքը ոչնչացնում է մեր բանակի, այն է՝ մեր պետության լեգիտիմության վերջին փշրանքները։ Նման ստորագույն արարք միայն նրա մտքով կարող էր անցնել։