Ես Շուշիում նահանջող զինվորներ չեմ տեսել, ոչ էլ տեսել եմ, որ ՄՈԲ-ը փախնի․ չգիտեմ՝ ինչի այսպես եղավ․ Շուշիի քաղաքապետ


18:59 , 18 նոյեմբեր, 2020

Aysor.am-ը գրում է.

Ոչ ոք չէր կանխատեսում, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը հենց այսպիսի հանգուցալուծում կունենա՝ ազատագրված 7 շրջանների ու Հադրութ քաղաքի հետ Ադրբեջանին կանցնի նաև հայոց բերդաքաղաքը: Հատկապես Շուշի քաղաքի անկման մասին արդեն բազմաթիվ, կարելի է ասել, լեգենդներ են պտտվում՝ սկսած միտումնավոր դավաճանությունից, պարտադրված նահանջից, մինչև անհավասար ուժերի բախում:

Aysor.am-ը զրուցել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ, ով օրերս Երևանում էր: Երեկ Եռաբլուրում տեղի է ունեցել քաղաքապետի եղբոր՝ Անդրանիկ Սարգսյանի հուղարկավորությունը։ 
Պատերազմի առաջին իսկ օրերից մարտադաշտում են եղել ոչ միայն քաղաքապետն ու իր եղբայրը, այլև՝ իր ու եղբոր որդիները:

- Պարոն Սարգսյան, ցավում եմ Շուշիի անկման, ու ցավակցում՝ անձնական ողբերգության կապակցությամբ: Ե՞րբ է զոհվել Ձեր եղբայրը:

- Շնորհակալ եմ: Շուշիի կորուստը բոլորիս ցավն է… Եղբայրս զինվորական թոշակառու էր, ենթասպա: Նոյեմբերի 5-ին է զոհվել՝ Շուշիի մատույցներում, նոր էլեկտրացանցից 200 մետր հեռավորության վրա: ՉԷինք կարողանում դուրս բերել: Նոյեմբերի 14-ի գիշերն ենք հանել… Ասեմ, որ ուժեղ կռվող էր, 90-ականներից առ այսօր 3 պատերազմի է մասնակցել: Ես ու եղբայրս վաշտ էինք ստեղծել, ես հրամանատարն էի, ինքն՝ իմ տեղակալը: Ամսի 5-ին՝ ժամը 15:20, հրաման ստացանք, որ պետք է շարժվել էլեկտրացանցի կողմի տեղամաս: Եղբայրս 15 հոգով գնաց, սկսվեց ադրբեջանցիների հետ ահեղ մարտ: Ոհմակին ոչնչացնելով՝ ինքն ընկավ: Նա անվրեպ նռնականետորդ էր, 94 թվականին պատերազմի դաշտում բազմաթիվ հերոսական դրվագներ է ունեցել՝ որպես նռնականետորդ: Իր վերջին խոսքն էր՝ «մի լավ նռնականետ լիներ, զարկեի էս բարձունքին» (որտեղից թշնամին էր կրակում, հեղ.): Ճիշտ է, իրենց մոտ նռնականետ չկար, բայց «պուլեմյոտ» (գնդացիր) կար, վերցնում ու սկսում է կրակել: Հենց այդ պահին էլ նրան դիպուկահարը խփում է։ Իր 15 հոգանոց խմբում էր նաև որդին՝ Արտակ Սարգսյանը, ով հոր զոհվելուց հետո գնդացիրը վերցնում ու շարունակում է… Այդ դիրքում երկու զոհ ու երկու վիրավոր ենք ունենում: Թշնամին մոտենում էր, թիկունքում էլ մարդիկ կային, որ պետք է պաշտպանեին, բայց, չգիտես ինչի, տեղում չէին… Խրամատն արդեն հնարավոր չէր պահել, թշնամուն ահագին «փրթել» էին, բայց ստիպված էին նահանջել։ 

- Դուք Շուշիից ե՞րբ եք դուրս եկել:

- Ամսի 7-ին՝ պատահական: Սեյրան Օհանյանի հրամանով, սովորաբար, ռազմական հանձնարարությունները գիշերներն էինք անում (պոստերի համալրում, թարմացում), քանի որ լույսերն անջատում էինք ու մեր շարժը հնարավորինս աննկատ էր լինում: Մեքենայիս անիվի հետ խնդիր էր առաջացել, ժամը 5-ի կողմերն իջա Ստեփանակերտ, որ շուտ սարքեմ, նաև՝ լիցքավորեմ ու վերադառնամ, հակառակ դեպքում՝ չէինք կարող մեքենան օգտագործել: Վերադարձին ինձ չթողեցին քաղաք բարձրանամ, նույնիսկ ասեցի՝ «ո՞նց թե, քաղաքապետին քաղաք չեք թողնո՞ւմ»: Ասեցին՝ «տանկի մոտ զասադ են նստել, չեք կարող, պարոն Սարգսյան»… Բայց այդ օրը Շուշին չի հանձնվել, այդ օրը մնացել է, տղաները ներսում են եղել, ՄՈԲ ենք ունեցել այնտեղ: Մեր շտաբից էլ այնտեղ 11 հոգի էր մնացել, հաջոդ օրվա գիշերը նոր դուրս են եկել: Պարիսպի մոտի, 40 աստիճանների կողքը դիրքեր ենք ունեցել, տղերքը շարունակել են կռվել, պայքարել, չեն հանձնվել։ Այդ օրերին քաղաքի ներսում թուրք չկար, քաղաքի մատույցներում էին, ծայրամասերում, Երևանյան դարպասի մոտ, Ռուբեն Հայրապետյանի տան կողմերը, բայց դեռ քաղաք չէին մտել: Շուշի-Ստեփանակերտ խաչմերուկում գազի լիցքավորման կետ կա, Իսայի աղբյուրի մոտով իջել էին ու հասել այդ խաչմերուկ։

- Շուշիի անկման մասին տարբեր խոսակցություններ են շրջանառվում, պաշտոնական հայտարարություններ են արվում: Ի վերջո, Շուշին հանձնվե՞ց, թե՞ գրավվեց: Ինչի՞ հետևանքով մենք կորցրեցինք բերդաքաղաքը:

- Այդ հարցի պատասխանը ես էլ չունեմ, դա ինձ համար էլ է մութ: Շուշին անառիկ բերդ էր, որը պետք է մնար: Չգիտեմ, գուցե իրենց մեծաքանակ լինելն էր պատճառը, գուցե՝ զինատեսակների ակտիվությունը, որ կարողացան մեր դիրքերը թուլացնել: Քարինտակը պիտի լավ պաշտպանված լիներ: Շուշիում մեր բանակը լավ դիրքավորված էր, Հայաստանից ՄՈԲ ունեինք այնտեղ, Արցախից էլ լավ, ուժեղ, համարձակ տղաներ էին բերձրացել։ 92 թվականի հունվարի 26-ին Քարինտակը 12 ժամ մարտնչեց 1700 ադրբեջանցիների դեմ, մենք ունեինք 40 ավտոմատ ու 1 գնդացիր, բայց մեկ դիրք անգամ չզիջեցինք նրանց: Իրենք 201 զոհ տալով՝ փախան, մենք 19 զոհ ունեցանք: Իսկ այս պատերազմում, չգիտես ինչի, վերջին պահին Քարինտակը, կարծես, հանձնվեց: Այն ժամանակ Շուշիի ազատագրումը սկսվեց Քարինտակի հերոսամարտից, հիմա էլ Շուշիի գրավումը նույն Քարինտակի պարտությամբ սկսվեց: Պետք է նստել ու մտածել՝ ինչո՞ւ Քարինտակը հանձնվեց…

Չեմ հիշում՝ 2020 թվականի նոյեմբերի 6-ին, թե 7-ին, երբ ես բարձրացա Քարինտակի լեռնաշղթայի վրա, այնտեղից տեսա, որ Քարինտակում թուրքերը լցված են, իրենց «կամազները» կանգնած են: Քանրինտակից Շուշի եկող ծիր (շավիղ) կա, հետախուզության ժամանակ նկատեցի, որ թուրքերն այդտեղով բարձրանում են: 15-20 մետր հեռավորությունից 3 հոգով մարտի ենք բռնվել, մինչև օգնություն հասնելը՝ հասցրեցինք մի 50 հոգու «փռել», մի 200-ն էլ գոռալավ իջան: Թեժ մարտի ժամանակ մենք մի զոհ չէինք տվել, միայն մեկ զինվոր ոտքն էր ոլորել, մյուսն էլ, «սնարյադի» պայթելու հետևանքով, «կանտուզյա» էր ստացել, այնինչ նրանցից 300-400 հոգի մեռել էին: Շուշիում տղաները հաղթական տրամադրություն ունեին, պինդ էին: Ճիշտն ասած՝ ես նահանջող զինվորներ չեմ տեսել, ոչ էլ տեսել եմ, որ ՄՈԲ-ը փախնի: Ամեն դեպքում, իմ՝ Շուշիում եղած օրերին նման բան չեմ նկատել: Բոլորն էլ շատ ոգևորված էին ու մարտական: Չգիտեմ՝ ինչի այսպես եղավ։

- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած խոսքը, թե Շուշին «մի դժգույն և դժբախտ» քաղաք էր, ներդրումներ քիչ են արվել, շատերին է վրդովեցրել: Իսկապե՞ս Շուշին 30 արվա մեջ չի վերակառուցվել, կամ՝ թերի է վերակառուցվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ