08:13 , 2 օգոստոս, 2013«Առավոտ» օրաթերթը գրում է.
«Իմ ողջ կյանքի ընթացքում անծանոթ կամ կիսածանոթ մարդիկ ինձ հարցրել են՝ «դու բնիկ որտեղցի՞ ես»։ Ինքնին հարցը այնքան էլ միշտ չէ ձևակերպված։ Անձամբ ես ծնվել եմ Երևանում, մեծացել եմ Աջափնյակում։ Իմ «բունը» այստեղ է, հեռավոր երկրներից չեմ եկեք բնակություն հաստատել Հայաստանում։ Պարզ է, որ հարցի տակ այլ բան է հասկացվում՝ ի՞՜նչ ծագում ունեն իմ նախնիները։ Դարձյալ՝ եթե խոսքն իմ մասին է, ապա իմ նախնիների մի մասը Ղարաբաղից են, բայց, օրինակ, հայրական տատս ծնվել է Աբասթումսսնամ է (Վրաստան՝ Ախալցխայից մոտ 30 կմ հեռավորության վրա), որտեղ նրա ընտանիքը տեղափոխվել էր էրզրումից։ Բայց եթե իմ նախնիները լինեին, ենթադրենք, Այնթափից կամ Նախիջևանից, դա ի՛նչ էր փոխելու այն դեպքում, եթե դարձյալ ծնվելու էի Երևանում, մեծանալու էի Աջափնյակում, հաճախելու էի թիվ 122 դպրոցը և այլն։ Այս կամ այն գավառում պապեր ունենալը ոչ հպարտանալու, ոչ էլ ամոթ զգալու աղբյուր է։
Հայերի համար «բնիկ որտեղացի՞ ես» հարցը զրույց վարելու սկզբնական խթան է, ինչպես, ասենք, անգլիացիների համար եղանակի մասին խոսակցությունները։ Եթե դա պարզ հետաքրքրասիրություն է, ապա՝ ոչինչ, չնայած չեմ կարծում, որ «որտեղացի» լինելը անհատի մասին որևէ հավելյալ տեղեկատվություն է հաղորդում։ Բայց հիմնականում այդ հարցը տրվում է ընդհանրություններ և տարբերություններ գտնելու, հարազատը և օտարը զանազանելու նպատակով։ Եթե զրուցակիցների պապերը նույն գյուղից կամ նույն տարածաշրջանից են եղել, դա նրանց մեջ ստեղծում է ինչ-որ հարազատություն և լայն հնարավորություն տալիս բամբասելու, թե ինչ վատ բարքեր ու բնավորություն ունեն կողքի գյուղի կամ տարածաշրջանի ներկայացուցիչները։ Չնայած ակնհայտ է, որ այս կամ այն գյուղից, տարածաշրջանից կամ գավառից լինելն ամենևին չի պայմանավորում ոչ բնավորության գծերը, ոչ մասնագիտական հակումները, ոչ էլ ինտելեկտի կամ տաղանդի մակարդակը։
Ինձ համար հպարտության աղբյուր է ոչ թե պապերիս ծնված գավառը, այլ այն, որ այս մոլորակի վրա մի քանի միլիոն մարդ խոսում է հայերեն՝ աշխարհի ամենահարուստ լեզվով, կարդում և գրում է հայերեն տառերով՝ աշխարի ամենագեղեցիկ այբուբենով, որ բոլոր գավառներում եղել են և կան հերոսներ ու տաղանդներ։ Վերջապես այն, որ հայերն իրենց պատմական հսսյրենիքի չնչին մասում ստեղծել են պետություն, որի քաղաքացին եմ։
Լավ, թե վատ պետություն՝ այլ հարց է»։