Պաշտպանության նախարարը հանդիպել է Արցախի պատերազմում անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամների հետ


21:44 , 16 նոյեմբեր, 2020

Նոյեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է Արցախյան պատերազմում անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Արցախում տեղակայվող ՌԴ խաղաղապահ ուժերի և ԿԽՄԿ աշխատակիցների հետ համատեղ իրականացվող որոնողական աշխատանքների մանրամասները, ընդգծելով, որ ՊՆ համապատասխան ստորաբաժանումներն  օպերատիվ կերպով հավաքագրում և հրապարակում են բոլոր տեղեկությունները:

Նախարար Տոնոյանն անհետ կորածների ծնողներին հավաստիացրել է, որ գործընթացը գտնվում է իր անմիջական ուշադրության կենտրոնում և արվում է հնարավոր ամեն ինչ հերոսաբար ընկած տղաների մարմինները գտնելու և հողին հանձնելու նպատակով: