Շոկոլադի բույրը մարդկանց դրդում է ռոմանտիկ գրականություն գնել


22:24 , 1 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Շոկոլադի բույրը 3,48 անգամ մեծացնում է սիրային վեպերի և խոհարարական գրքերի գնման հավանականությունը: Այսպիսի եզրակացության են եկել Անտվերպենի գիտնականները, մի քաղաք, որտեղ արտադրվում է հայտնի բելգիական շոկոլադը: Իսկ մասնագետների եզրակացությունները մեջբերում է The Guardian-ը:

Տասը տարի տևած ուսումնասիրությանը 201 մարդ է մասնակցել: Պարզվել է, երբ վաճառքի սրահում շոկոլադի բույր է տարածված, հաճախորդները ակտիվանում են և 5,93 անգամ ավելի շատ են գիրք գնում, քան սովորական պայմաններում: 

Դրանից բացի, անտվերպենցի գիտնականները հայտնաբերել են, որ եթե գրքերի խանութից շոկոլադի հոտ է գալիս, ապա մարդիկ, առաջին հերթին ներս կմտնեն ուղղակի գրքերին նայելու համար, և երկրորդը, ամենայն հավանականությամբ որոշակի ուղղվածությամբ գիրք ձեռք կբերեն: Նրանց կարծիքով՝ շոկոլադի բույրը որոշակի զգացողություններ է առաջացնում, և հենց այդ պատճառով էլ մարդիկ ռոմանտիկ կամ խոհարարական գրքեր են ձեռք բերում: 

Սակայն այն մարդկանց վրա, ովքեր խանութ են մտել կոնկրետ գիրք գնելու ցանկությամբ, շոկոլադի բույրը բացասական է ազդում, և նրանք սկսում են կասկածել: 

Շոկոլադի հետ կապված ուսումնասիրություններ պարբերաբար անցկացվում են տարբեր գիտնականների կողմից: Այդ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է նաև, որ շոկոլադը բարձրացնում է տրամադրությունը և լավ է ազդում ուղեղի աշխատանքի վրա: