Ինչպես ցանկացած միջազգային պայմանագիր, դա նույնպես պետք է անցնի վավերացման գործընթաց․ Ալվինա Գյուլումյանը՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարության մասին


16:13 , 12 նոյեմբեր, 2020

Pastinfo.am-ը գրում է․

Ինչպես ցանկացած միջազգային պայմանագիր, դա նույնպես պետք է անցնի վավերացման գործընթաց, ինչը ենթադրում է դիմում ՍԴ և միայն ՍԴ-ի դրական եզրակացության դեպքում ԱԺ-ն կարող է քննարկել դրա վավերացման գործընթացը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ալվինա Գյուլումյանը։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել, որը ոչ միայն նախատեսում է զինադադար, այլ նաեւ ռազմավարական նշանականության ենթակառուցվածքների հանձնում Ադրբեջանին ու մի շարք պարտավորությունների ստանձնում անմիջական Հայաստանի համար:

Գյուլումյանը պարզաբանեց, որ երկրի ղեկավարը կարող էր ստորագրել, բայց հետո այն պետք է անցնի վավերացման գործընթաց։ Բացի դա՝ ՍԴ պետք է դիմի կառավարությունը, սակայն այդ առումով, կարծես թե, խնդիր կա։

Ինչ վերաբերում է պայմանագրի ձևաչափին, մասնավորապես, ստորագրվել է ոչ թե փաստաթուղթ, այլ՝ հայտարարություն, Գյուլումյանը պարզաբանեց, որ ընդհանուր առմամբ, թե փաստաթղթի անունը ինչ կդնեն, եթե դա միջպետական որոշակի համաձայնություն է, այն դիտարկվում է որպես միջազգային համաձայնագիր, կարևոր չէ, թե անունը ինչ են դնում, այն համապատասխան գործընթացը պետք է անցնի։

Ինչ վերաբերում է վիճարկման, անվավեր ճանաչման հնարավորությանը, Ալվինա Գյուլումյանը նշեց, որ հետագայում դա կարող է ԱԺ-ն չվավերացնել և այլևս մեզ համար դա կարող է որևէ ուժ չունենալ, բայց ամբողջ խնդիրը ժամկետների մեջ է, մասնավորապես, եթե արդեն Արցախում տեղադրվեն իրենց ուժերը, իսկ մեր ուժերը՝ դուրս գան, հետո չենք կարող ասել՝ համաձայնագիրը Սահմանադրությանը չէր համապատասխանում, դուրս եկեք, այդպես չի լինում, նրանք պարզապես դուրս չեն գա, խնդիրն այն է, որ այս պահին պետք է կարգավորվի։

Ճշգրտող հարցին՝ արդյոք հնարավորինս կարճ ժամկետում այն չվավերացնելու դեպքում այն կարող է ուժ չունենալ, Գյուլումյանը նշեց, որ կարող է, բայց դրա այլընտրանքը կարող է շարունակվող պատերազմը լինել, ուստի՝ որոշակիորեն ասել չի կարող։

«Հնարավոր է, եթե ասենք, որ չենք կատարում, որովհետև պետք է վավերացնենք, իսկ թե մյուս կողմն ինչ կանի, ոչ ոք ոչինչ չի կարող ասել »,- ասաց Գյուլումյանը։
Հիշեցնենք, որ շուրջ 45 օր տեւած կատաղի ռազմական գործողությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանն առանց խորհրդակցելու ՀՀ նախագահի, քաղաքական ուժերի, խորհրդարանի հետ ստորագրեց զինադադարի այսպես կոչված հայտարարությունը, համաձայն որի, Արցախում տեղակայվում են ռուսական խաղաղապահ ուժեր, փոխարենը՝ հայ զինծառայողները դուրս են բերվել, Ադրբեջանին է հանձնվել Ֆիզուլիի շրջանը, Ջաբրայիլի շրջանը, Կուբաթլույի, Զանգելանի, Հադրութի շրջանը հիմնականում, Մարտունիի շրջանից ինչ-որ մաս, Ասկերանի շրջանից, հայկական կողմին այլևս չի պատկանում նաև բերդաքաղաք Շուշին։ Ջիջվել է նաև Բերձորը, իսկ Արցախի և Հայաստանի միջև կապ կհաստատվի 5 կմ լայնություն ունեցող ճանապարհով, որը կհսկվի ռուս խաղաղապահների կողմից։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությամբ վտանգի տակ է հայտնվել նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, քանի որ վերջինս Սյունիքի մարզով միջանցք է տրամադրել՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու համար՝ իրագործելով թշնամու վաղուց բաղձալի դարձած երազանքը՝ Մեղրիի միջոցով Նախիջևանին միանալու մասին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան