Հիմա Արայիկ Հարությունյանը հա՛մ իրեն ու Փաշինյանին է արդարացնում, հա՛մ էլ ուրիշներին մեղադրում դասալքության մեջ. դրանից ի՞նչ է փոխվում


14:30 , 12 նոյեմբեր, 2020

Պատերազմի ժամանակ թշնամին իրենց զինվորին դեղեր էր տալիս, որ բթացներ զգոնությունը, վտանգներից սարսափ չապրեր ու «անջատված» գնար մահվան երախ։ Իսկ մեզ մոտ լրիվ  հակառակն էր․ ամեն օր պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն իրենց հաղթական ու դիպուկ, նաև հումորային զեկույցներով մեր հասարակությանն էին «դեղեր» տալիս, որպեսզի հաղթական կեցվածքով ու անջատված նստեին համակարգչի առաջ ու միայն դրական նյութեր տարածեին, որպեսզի խուճապ չառաջանար, ու դրանով չկոտրեին առաջնագծում կռվող զինվորի մարտական ոգին։ Ասում էին նաև, որ դրանով ուզում են շեղել թշնամու զգոնությունը, որ չիմանա, թե ինչպիսին է իրական վիճակը մեր բանակում։ Բայց թշնամին իրենց հաղթական զեկուցներից ամենևին չէր շեղվում, անշեղ առաջ էր գալիս ու գրավում մեր տարածքները։

Այն աստիճանի էր հասարակությունը կտրվել իրականությունից, որ երբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դիմեց ժողովրդին, թե թշնամին Շուշիից 5 կիլոմետր հեռավորության վրա է, մարդիկ չհավատացին։ Ու երբ օրեր անց Արայիկ Հարությունյանի մամլո խոսնակը հայտնեց, որ Շուշին թշնամու վերահսկողության տակ է, ու արդեն վտանգված է Ստեփանակերտը, մարդիկ կարծեցին, որ նրա ֆեյսբուքյան էջը կոտրել են։ Ի՞նչ է, մարդի՞կ են մեղավոր, որ չէին հավատում վատ լուրին։ Չէին հավատում, քանի որ իրենք չգիտեին, թե երբ է թշնամին հասել Շուշիից 10 կիլոմետր հեռավորության վրա, երբ՝ 8, ինչո՞ւ պետք է հավատային, որ արդեն Շուշին վերցրել են։ Հիմա Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանն, իրար հերթ չտալով, թվարկում են բոլոր դասալիքների ու մեղավորների անունները, համարենք, որ դրանում ճշմարտության հատիկ կա, հետո ի՞նչ։

Մեծահարուստ Արայիկ Հարությունյանը, որ հրաշալի համագործակցում էր Արցախի ու Հայաստանի նախկին իշխանությունների հետ, ընդամենը փառասիրությունից դրդված դարձավ Արցախի նախագահ։ Պատերազմի առաջին օրերին Արայիկ Հարությունյանը դարձավ արցախյան պատերազմի սիմվոլներից մեկը․ ինքը սուրճ է խմում, ու մի բան պայթում է թշնամու տարածքում։ Իհարկե, պատերազմի հերոսից մինչև ազգի դավաճան մի քայլ է, իհարկե, Արայիկ Հարությունյանի համար դա շոկ է, մահվան հավասար մի բան, բայց ո՞վ է դրանում մեղավոր, ո՞վ է մեղավոր, որ հաջողակ օլիգարխ Արայիկ Հարությունյանը չկարողացավ լինել Արցախի գերագույն գլխավոր հրամանատար պատերազմի ժամանակ։ Հիմա հա՛մ իրեն ու Փաշինյանին է արդարացնում, հա՛մ էլ ուրիշներին մեղադրում։ Հասկանում ենք, որ նույն կերպ Նիկոլ Փաշինյանն է ժողովրդի ընտրյալից մինչև ազգի դավաճան ճանապարհն անցել երկուսուկես տարում, բայց մի քայլով, հիմա ինքն էլ է ուզում վերականգնել իր երբեմնի «փառքը», ախր ժողովրդին ուղարկում էր, ում վրա ուզում էր, իսկ հիմա թաքնվում է նույն այդ ժողովրդից։

Ենթադրենք՝ հասարակությունը Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի հրաժարականները չպահանջի, իրենք այսքանից հետո կարող են աշխատել իրենց պաշտոններո՞ւմ։