Մոսկվան նոր ճակա՞տ է բացում Հայաստանի դեմ


16:51 , 1 օգոստոս, 2013

Lragir.am-ը գրում է.

Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ զորքերը, որ հսկում են հայ-թուրքական սահմանը, Թուրքիայի 35-ամյա քաղաքացու են սպանել, ով ըստ թուրքական կողմի անցել է Հայաստանի սահմանն իր ոչխարների հետեւից եւ եղել է անզեն: Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ զորքի ղեկավարությունը հայտնել է, որ եղել է միջադեպ ու կատարվում է քննություն: Մինչդեռ, Թուրքիայի մամուլն արդեն իսկ բավական հագեցած է տեղեկատվությամբ, որ «հայ սահմանապահները թուրք են սպանել»:

Չի բացառվում, որ սպանողն իսկապես հայ լինի, որովհետեւ Ռուսաստանի սահմանապահ զորքում, որը հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմաններն է հսկում, ծառայում են բազմաթիվ հայաստանցիներ: Սակայն, դե յուրե գործ ունենք ռուս սահմանապահների հետ:

Բայց այդ ամենն արդեն էական չէ, եւ առանցքում կմնա այն, որ Հայաստանի տարածքում Թուրքիայի անզեն քաղաքացի է սպանվել:

Իսկ այս հանգամանքը բոլորովին էլ լավ բան չէ հայ-թուրքական հարաբերության առանց այդ էլ լավ բաներով չհագեցած հարաբերության գործընթացում: Ավելին, այստեղ վերջին շրջանում հետաքրքրական զարգացումներ են նկատվում: Իր պաշտոնավարման ավարտին մոտեցող գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը համահայկական ինչ որ հավաքում, Երեւանում հանկարծ հայտարարում է, որ պետք է իրավական պահանջներ ներկայացնել Թուրքիային:

Հետո Հայաստանի ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը news.ам-ին տված հարցազրույցում հայտարարում է, որ Թուրքիայի հետ հարաբերության մասով Հայաստանի վերաբերմունքը չի փոխվել, եւ Հայաստանը կողմ է առանց նախապայմանների հարաբերության կարգավորմանը:

Փաստորեն, Երեւանը փորձում է մեղմել դատախազի հայտարարությունից մնացած նստվածքը, որը Թուրքիայում որակել էին թեթեւամիտ հայտարարություն եւ ասել՝ ԱԳ նախարար Դավութօղլուի խոսքով, թե Թուրքիային տարածքային պահանջ ներկայացնելուց առաջ պետք է մտածել տարածաշրջանային անվտանգության մասին: Դրանից հետո էլ եղավ Շավարշ Քոչարյանի հայտարարությունը, ինչը հուշում է, որ պաշտոնական Երեւանն ըստ ամենայնի որոշել է չլարել իրավիճակը:

Բայց, իրավիճակը կարծես թե լարվում է: Համենայն դեպս, կարող է լարվել, եթե Թուրքիան որոշի այսպես ասած տոն տալ իր քաղաքացու սպանության առիթով: Եվ այս դեպքում դժվար է ասել, թե ով պետք է պատասխան տա այդ տոնին՝ Ռուսաստանը, որ հայ-թուրքական սահմանին է, թե Հայաստանը, որ Ռուսաստանին տվել է այդ իրավունքը:

Առայժմ փաստն այն է, որ ինչ որ մեկը Թուրքիային տվել է տոն տալու իրավունքը, ինչը ստեղծված իրավիճակում, աշխարհքաղաքական մի շարք գործոնների արդյունքում անկյուն քշված Անկարայի համար երեւի թե բավական շոշափելի «նվեր» է՝ անկյունից փոքր ինչ դուրս գալու առումով: Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը փաստորեն Անկարային անում է այդ «նվերը», Հայաստանին էլ դնում բավական տհաճ պատմության առաջ:

Իրավիճակը էլ ավելի տհաճ կարող է դառնալ ոչ միայն միջպետական, այլ միջհասարակական հարթության վրա, եթե Թուրքիայում «սրտին մոտ» ընդունեն Հայաստանում թուրքի սպանությունը:

Ընդ որում, այստեղ կա բավական հետաքրքրական եւ նուրբ մի զուգահեռ, այն իմաստով, որ հենց այս օրերին բավական անբարյացակամ տրամադրություններ են սերմանվում Ռուսաստանում կովկասցիների, բնականաբար նաեւ այդ «կատեգորիայի» ներքո անցնող հայերի հանդեպ: Հայերի մասով փաստորեն բացվում է «երկրորդ ճակատի» վտանգը: Իսկ միգուցե նաեւ երրորդ ճակատի մասին է խոսքը, ով գիտե: Համենայն դեպս, զարմանալիորեն այս օրերին էլ հաճախակիացել են հայկական բանակում մահվան դեպքերը՝ տասը օրում 4 դեպք:

Այս ամենի կազմակերպվածության կամ փոխկապակցվածության ապացույցներ ու վկայություններ բնականաբար չկան, հետեւաբար ենթադրությունները կարող են դասվել նույնիսկ «դավադրության տեսության» շարքին, բայց փաստն այն է, որ կարճ ժամանակամիջոցում Հայաստանի մասով ստեղծվում են կամ թարմացվում միանգամից երեք ուղղությամբ թե պաշտոնական, թե հասարակական մակարդակի մարտահրավերներ: Ընդ որում, այնպիսի մակարդակներում, որտեղ պատահականության հավանականությունը մեղմ ասած բավական քիչ է, թեեւ իհարկե ամենեւին չբացառված:

Գլխավոր հարցն այն է, թե ինչ կարող է անել այս իրավիճակում Հայաստանը: Պատասխանն ըստ ամենայնի բավական անմխիթար է, համենայն դեպս դատելով այն իրողություններից, որ առկա են այժմ: Հայաստանն իր անկախության ընթացքում արտաքին չորս սահմանից երկուսի պաշտպանությունը վստահել է երրորդ պետության, եւ այսպիսով առկա է մի իրավիճակ, երբ Հայաստանի սահմանի հետ կապված իրավիճակը շոշափելիորեն դուրս է Հայաստանի վերահսկողությունից: Այսինքն, պատասխանատուն Հայաստանն է, իսկ վերահսկողությունը՝ առնվազն մասամբ՝ ոչ: Մինչդեռ խոսքը վերաբերում է միջպետական հարաբերություններին, այն էլ այնպիսի մի կողմի հետ, ինչպիսին Թուրքիան է, երբ կողմերի դիրքերի նույնիսկ միլիմետրերը էական նշանակություն ունեն դիվանագիտական հաջողությունների կամ ձախողումների համար:

Թեեւ, երկրի այսպես ասած «ներքին» սահմաններում Հայաստանի վերահսկողական լիարժեքությունը մեղմ ասած քիչ է ավելի, քան այն իրավիճակը, որ կա սահմանում: