«Չենք կարող խոսել կյանքի մասին, երբ վախեցած են երեխաները, մայրերն ու կանայք, երբ ապաստարանից դուրս գալ չեն կարողանում». ամերիկահայ բժիշկը՝ Արցախում տեսածի մասին


14:29 , 31 հոկտեմբեր, 2020

Fox11 LA-ը հոդված է հրապարակել լոսաբնակ բժիշկ Արմեն Հակոբջանյանի մասին, ով հակամարտության օրերին հայ զինվորների կողքին է եղել: Հոդվածում, մասնավորապես, նշվում է.

«Բժիշկ Արմեն Հակոբջանյանն անթիվ վիրահատություններ է իրականացրել, մինչդեռ նրա շուրջը ռմբակոծություններ էին տեղի ունենում: Ըստ նրա՝ դա իր կյանքի ամենաբարդ փորձությունն է եղել:

Բժիշկը Հայաստանում վարակվել էր COVID-19-ով, ապա՝ ապաքինվելուց հետո, վերադարձել Լոս Անջելես: ԱՄՆ վերադառնալուց օրեր անց այն հիվանդանոցը, որում նա անցկացրել էր իր ժամանակը, ռմբակոծվեց: Բժիշկ Հակոբջանյանն ասում է, որ պատերազմի գոտի գնալու որոշումը հեշտորեն է կայացրել, քանի որ հասկացել է, թե որքան լուրջ է իրադրությունը:

«Երբ մենք խոսում ենք կյանքի որակի մասին, դա անում ենք ամերիկյան տեսակետից: Կյանքի որակ չկա: Չկա առհասարակ կյանք, երբ դու չես կարողանում քնել: Չկա կյանք, երբ չես կարողանում դուրս գալ ապաստարանից: Չկա որակ, երբ երեխաները, մայրերն ու կանայք վախեցած են: Չկա սնունդ: Չկա ջուր: Չկա ոչինչ»,- ասում է բժիշկ Հակոբջանյանը:

Բժիշկը չի կարողանում հավատալ, որ աշխարհը շարունակում է անտեսել այն ամենը, ինչ տեղի է ունենում: «Դեռ քանի՞ կյանք պիտի կորցնենք, որպեսզի բավարվենք Էրդողանի ու Ալիևի հավակնությունները»,- ասում է Արմեն Հակոբջանյանը»: