Մի քանի դիտարկում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում տարածված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հաղորդագրությունից


09:06 , 31 հոկտեմբեր, 2020

Նախարարները համատեղ հայտարարություն չեն ընդունել, հրադադարի նոր պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

Միջնորդները հույս չունեն, որ հնարավոր կլինի արագ հասնել հումանիտար հրադադարի իրական հաստատման, փորձ է արվում գերիների և մարմինների փոխանակման հարցն այլևս կախման մեջ չդնել հրադադարից:

Վերիֆիկացիոն մեխանիզմը նույնպես համաձայնեցնել չի ստացվում, կողմերին խնդրել են գրավոր ներկայացնել իրենց դիտարկումերը` հեշտացնելու համար կողմերի համար ընդունելի տարբերակի մշակումը:

Այս հանդիպման հավակնոտ նպատակը, որը ամրագրվել էր հոկտեմբերի 25-ին` «քննարկել, համաձայնության հասնել և սկսել իրականացնել՝ ըստ ժամանակացույցի, որը կհամաձայնեցվի, բոլոր այն քայլերը, որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար՝ համապատասխան այն սկզբունքների, որոնք ընդունել են Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները», հանգել է կողմերի բանակցային դիրքորոշումների հստակեցմանն ուղղված բաց և սուբստանտիվ մտքերի փոխանակության: