Մեր պատմական համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին և ցանկանում, որ վերսկսվեն խաղաղության հասնելուն ուղղված բանակցությունները ․ Ուրուգվայի նախկին նախագահները հայտարարություն են տարածել


16:39 , 29 հոկտեմբեր, 2020

ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ՝Ուրուգվայի նախկին նախագահները համատեղ հայտարարություն են տարածել Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

«Հարավային Կովկասում տեղի ունեցող սարսափելի իրադարձությունների առնչությամբ մեր պատմական համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին և արտահայտում մեր ցանկությունը՝ որպեսզի վերսկսվեն անհապաղ հրադադարի, խաղաղության, ինչպես նաև այս հակամարտության վերջնական լուծմանը հասնելուն ուղղված բանակցությունները»։

Ուրուգվայի Արևելյան Հանրպետության նախագահներ

Խուլիո Մարիա Սանգինետտի 1985-1990 և 1995-2000 թթ

Լուիս Ալբերտո Լակաժե Էռերա 1990-1995 թթ

Տաբարե Վասկես 2005-2010, 2015-2020թթ

Խոսե Մուխիկա 2010-1015թթ

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։