Եգիպտոսում հանգստացող հայերի թվի մասին տեղեկություններ չկան


20:48 , 31 հուլիս, 2013

Lragir.am-ը գրում է.

Չնայած Եգիպտոսում առկա ներքաղաքական լարված իրավիճակին, Հայաստանի քաղաքացիները շարունակում են հանգստի մեկնել այդ երկիր: Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը դեռևս հստակ տվյալներ չունի` այս տարի Եգիպտոս հանգստի մեկնող հայերի թիվը նվազել է, թե ոչ: Քանի որ նախարարությունում առանձին երկրների թվով վիճակագրություն չկա, մեզ խորհուրդ տվեցին դիմել տուրիստական ընկերություններ:

Այս օրերին համացանցում կարելի է հանդիպել դեպի Եգիտպոս մատչելի տուրփաթեթների գայթակղիչ գովազդների: Տուրիստական մի քանի ընկերություններից Lragir.am-ին գրեթե նույն պատասխանը տվեցին` նախորդ տարվա ամռան ամիսների համեմատ այս տարի մոտ 20 տոկոսով նվազել է Եգիպտոս հանգստի մեկնող հայերի թիվը:

Տեղեկացանք, որ գործակալությունների մեծ մասը տուրփաթեթների գները հիմնականում չեն նվազեցրել, միայն Վրաստանից ավիատոմսերի գներն են փոքր-ինչ նվազել:

«Հյուրանոցների գները համարյա նույնն են մնացել, քանի որ եգիպտական կողմը չի հայտարարում, թե իրենց մոտ վտանգավոր վիճակ է, ասում են` ամեն ինչ նորմալ է»,- Lragir.am-ին ասացին «Էլ Էյչ Թրեվլ» տուրիստական ընկերությունից: Ընկերության աշխատակիցը նաև նշեց, որ իրենք Եգիպտոս մեկնողներին տեղեկացնում են, որ հանգստավայրեր Շարմ Էլ Շեյխն ու Խուրգադան 550-600 կմ հեռու են մայրաքաղաք Կահիրեից:

«Ես երկու օր առաջ եմ խոսել Եգիպտոսի գործընկերների հետ, ասել են` Խուրգադայում շատ հանգիստ է, ոչ մի խնդիր չկա»,- ասացին «ՄԵԳԱՏՈՒՐ» տուրիստական ընկերությունից:

«Մենք մեր քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ Եգիպտոս հանգստի մեկնելուց»,- Lragir.am-ին ասաց արտաքին գործերի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Նա նշեց, որ Եգիպտոսի հայերի հետ դեսպանատան միջոցով մշտապես կապ է պահպանվում:

Բալայանի տեղեկացմամբ` Եգիպտոսում ապրում է շուրջ 400 հայ, որոնց մի մասը երկքաղաքացի են, իսկ այնտեղ մեկնած զբոսաշրջիկների թվի մասին հստակ վիճակագրություն չկա: