Որոշ մարդիկ կորոնավիրուսով չեն վարակվում․ մասնագետ


10:09 , 28 հոկտեմբեր, 2020

Որոշ մարդիկ կորոնավիրուսով չեն վարակվում նույնիսկ դրա հետ բազմակի շփման դեպքում։ Այս մասին հայտնել է Սանկտ Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արեգ Թոթոլյանը «Առողջ հասարակություն 2020» գիտաժողովի ժամանակ։

Առայժմ հասկանալի չէ, թե այդ մարդիկ ինչի շնորհիվ չեն վարակվում վիրուսով, հայտնում է ria.ru-ն։ Հայտնի է միայն, որ այդ ֆենոմենը չի կարելի բացատրել բոլոր կանոնների պահպանմամբ եւ անհատական պաշտպանության միջոցների օգտագործմամբ։ Հնարավոր է, որը խոսքն օրգանիզմի ինչ-որ առանձնահատկությունների մասին է, բայց դա դեռեւս պետք է պարզել։

«Մենք առայժմ չենք կարող ձեւակերպել, թե որոնք են այս ռեզիստենտության բիոմարկերները, բայց այն, որ կա անձանց որոշակի խումբ, որոնք չեն հիվանդանում հիվանդների հետ բազմակի շփումներից հետո, ընդ որում, ոչ թե պարզապես հիվանդների, այլ վիրուս արտազատող հիվանդների, իսկապես այդպես է»,- ասել է Արեգ Թոթոլյանը։