«Մամ ջան, լավ եղիր, առողջությանդ հետևիր». 26-ամյա Բաբկենի վերջին խոսքը


19:38 , 26 հոկտեմբեր, 2020

168.am-ը գրում է.

Արցախում զոհված Բաբկեն Արթուրի Պետրոսյանն Արագածոտնի մարզի Արագածավան համայնքից էր, մոտ 3 տարի առաջ էր պայմանագրային ծառայության անցել ՀՀ զինված ուժերում:

«Բաբկենը շատ ընկերասեր, հայրենասեր, հանգիստ բնավորությամբ տղա էր: Երկու եղբայր ունի, ինքը միջնեկն էր, մեծ եղբայրն ամուսնացած է, առանձին է ապրում, ինքն էլ ապրում էր մոր և փոքր եղբոր հետ: Ծառայել վերադարձել էր, բայց որոշեց, որ պետք է պայմանագրային ծառայության անցնի: Արագածավանից շատ ընկերներ ունի, որոնք պայմանագրային ծառայության էին անցել, ասաց՝ ես իմ ընկերների կողքին պետք է լինեմ, ու անցավ պայմանագրային ծառայության»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Բաբկենի մորեղբայրը՝ Գեդեոն Վարդանյանը, ապա հավելեց, որ բոլոր եղբայրներն էլ պայմանագրային ծառայության էին անցել:

    

«Երեք ախպերներով պայմանագրային են, երեքն էլ պատերազմի ժամանակ այնտեղ են եղել: Բաբկենի դեպքը որ եղավ, եղբայրները եկել են, բայց 7-ը լրանա՝ կվերադառնան իրենց ծառայությանը: Մի կողմից՝ շատ հպարտ եմ, մյուս կողմից՝ ցավս է, որ չեմ էլ կարողանում խոսել… 26 տարեկան էր, դեկտեմբերի 5-ին 27 տարեկան կլիներ»,- պատմեց Գեդեոն Վարդանյանը:

   

Բաբկենը որոշել էր այս տարի ամուսնանալ, բայց մինչև այդ պետք է տունը վերանորոգեր:

«Ասում էր՝ հերիք է, արդեն 26 տարեկան եմ, ամուսնանամ. Նպատակները մեծ էր, իր առանձին տունն էր ուզում կառուցել, շատ բաներ կար: Իրենց հարմարությունները մի քիչ այն չէր, ուզում էր տունը լրիվ վերանորոգեր, նոր ամուսնանար… Իրենք 3 եղբայրներով շատ մեծ նպատակներ ունեին: Փոքր ախպոր մասին էր մտածում, որ լավ պահեր ախպորը»,- ասաց Բաբկենի մորեղբայրը:

      

Պատերազմի ժամանակ Բաբկենն ընկերների հետ այլ կետում էր կռվում, իսկ 2 եղբայրները միասին՝ այլ: Ամեն օր երեկոյան զանգում՝ եղբայրների և մոր հետ խոսում էր, սակայն դեպքի օրը՝ հոկտեմբերի 20-ին, առավոտյան էր զանգել:

 

«Այդ օրն առավոտյան ժամը 10-ին զանգել է մայրիկին, ասել է՝ լավ եղիր, առողջությանդ հետևիր, ախպորն էլ ասել էր՝ պստիկ ախպորս լավ կնայես… Ես հպարտ եմ, որ ինքն այդպիսի տղա է եղել, այդպես ուշադիր է եղել, հետաքրքրվել է բոլորով, բայց մեկ է՝ ցավս չի բուժվի…»,- եզրափակեց Բաբկենի մորեղբայրը:

 

Բաբկեն Պետրոսյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին՝ Արագածավան համայնքում: