«Ակնկալում ենք քաղաքական գործընթացների վերսկսում». Դավիթ Բաբայանը՝ Մինսկի խմբի համանախագահների սպասվող հանդիպման մասին


18:58 , 26 հոկտեմբեր, 2020

168.am-ը գրում է.

Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ հոկտեմբերի 29-ին Ժնևում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտինի (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) հերթական հանդիպումը։

«Հոկտեմբերի 24-ին համանախագահները Վաշինգտոնում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև մասնակցել են արտաքին գործերի նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ համատեղ հանդիպմանը: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Համանախագահները կողմերին կոչ են արել անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի մոսկովյան համատեղ հայտարարության բոլոր ասպեկտների իրականացման ուղղությամբ՝ իրենց պարտավորություններին համապատասխան, որոնք վերահաստատել են հոկտեմբերի 18-ին Փարիզում: Համանախագահները նաև կողմերին հիշեցրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2020 թվականի հոկտեմբերի 1-ի համատեղ հայտարարության, ինչպես նաև Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մայք Պոմպեոյի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանի համատեղ հայտարարության մասին: ԱՄն պետքարտուղար Մայք Պոմպեոն, Ֆրանսիայի  Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կողմերին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- նշված է հայտարարության մեջ:

168.amի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը նշեց՝ այս ամենով սկսվում է  քաղաքական գործընթացներ։

«Այս ամենին զուգահեռ՝ պետք է հասկանանք, որ թուրքական երկրների գագաթաժողովն է լինելու, և Թուրքիան փորձելու է ստեղծել համաթուրքական այդ բանակը, միությունը։ Ընդհանուր առմամբ ակնկալում ենք քաղաքական գործընթացների վերսկսում»,- ասաց Դավիթ Բաբյանը։

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որով խոստանում էր հեշտությամբ լուծել Արցախի հիմնախնդիրը, Դավիթ Բաբյանն նշեց, որ ժամանակը ցույց կտա, թե Թրամփն այդ կարգավորումն ինչպես է տեսնելու։

«Գուցե Թրամփը նկատի ուներ զինադադարի վերահաստատումը, իսկ հետագա գործընթացները, թե ինչպես է դա տեղի ունենալու, կտեսնենք հետո, որովհետև իսկապես տարածաշրջանը կանգնած է գլոբալ պատերազմի առջև։ «Կարմիր գիծը» գրեթե հատվել է, ինչը լավ հասկանում են Վաշինգտոնում և այլ տեղերում։ Այսինքն՝ Թուրքիայի և Ադրբեջանի պահելաձևն ահաբեկիչների հետ միասին, իսկապես տարածաշրջանը կանգնեցրել է մեծ պատերազմի առջև։ Այս ամենը հաշվի առնելով՝ Միացյալ Նահանգները ջանքեր է գործադրում, և այստեղ չափազանց մեծ է Ռուսաստանի ներդրումը»,- շեշտեց Դ. Բաբայանը։

Անդրադառնալով այն խոսակցություններին, որ հայկական կողմը հատկապես պետք է զգոն լինի հոկտեմբերի 29-ին և 30-ին, Դավիթ Բաբայանը նկատեց՝ պետք է զգոն լինել ամեն վայրկյան, քանի որ լավ գիտեն, թե ում հետ գործ ունեն։