Ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը. ՊԲ


14:49 , 26 հոկտեմբեր, 2020

Չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊԲ-ն:

Մասնավորապես ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ:
ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու և վերջինիս ելման դիրքեր հետ շպրտելու համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 26-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 220 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6674 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 974 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։