Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում. քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա. Արցախի ԱԻ պետական ծառայություն


11:31 , 26 հոկտեմբեր, 2020

Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում։

Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա, կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակով ձեռք բերված կրակի դադարի մասին պայմանավորվածությունը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ Պոտական ծառայությունը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը երեկ հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ այսօրվանից հրադադար հաստատելու մասին։ Հայտարարությունում ասվում է․

«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության:

Հումանիտար հրադադարն ուժի մեջ մտավ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին»:

Կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Այս մասին ավելի վաղ գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: