Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հոկտեմբերի 29-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ կքննարկեն ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու քայլերի իրագործումն ու դրա ժամանակացույցը


00:44 , 26 հոկտեմբեր, 2020

ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը՝ Ռուսաստանից, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիայից և Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ-ից) հոկտեմբերի 25-ին հայտարարություն են տարածել, որում ասվում է.

«Համանախագահները Վաշինգտոնում հոկտեմբերի 24-ին հանդիպել են Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև մասնակցել են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի և ԱԳ նախարարների համատեղ հանդիպմանը: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:  

Համանախագահները կոչ են արել կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ իրագործելու համար Մոսկվայում հոկտեմբերի 10-ին կնքված համատեղ հայտարարության դրույթները՝ հաշվի առնելով, որ դրանք վերահաստատվել են Փարիզի հետ հոկտեմբերի 18-ին ձեռք բերված պարտավորվածությամբ: Համանախագահները հիշեցրել են կողմերին 2020 թվականի հոկտեմբերի 1-ի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի, Էմանուել Մակրոնի և Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարության, ինչպես նաև հոկտեմբերի 5-ի ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի համատեղ հայտարարության մասին՝ կոչ անելով կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և վերականգնել առարկայական բանակցությունները՝ ԼՂ հիմնախդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո լուծելու համար:

Ինտենսիվ քննարկումների ընթացքում համանախագահները և ԱԳ նախարարները քննարկել են մարդասիրական հրադադարի անհապաղ իրագործումը, հրադադարի ռեժիմի մոնիթորինգի հնարավոր չափանիշները, համապարփակ լուծման հիմնական առարկայական տարրերի քննարկման նախաձեռնումը՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության համաձայն: Համանախագահները և ԱԳ նախարարները համաձայնել են կրկին հանդիպել Ժնևում հոկտեմբերի 29-ին՝ քննարկելու և համաձայնության հասնելու, սկսելու Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից ընդունված հիմնական սկզբունքների համապատասխան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար բոլոր անհրաժեշտ քայլերի իրագործումը, որի ժամանակացույցը պետք է համաձայնեցվի»: