«Այսպիսի ծանր վիճակում շատ ավելի լավ է այլ տեղեր այցելենք, պետք է հասկանաք, թե նման իրավիճակում ով կարող է ռեալ աջակցություն ցուցաբերել մեզ». Դավիթ Բաբայան


16:09 , 22 հոկտեմբեր, 2020

168.am-ը գրում է․

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը  հոկտեմբերի 21-ին հանդիպել էր Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ։

Նրա հետ ճեպազրույցում ՀՀ նախագահն անդրադարձել էր Արցախյան հակամարտությանը և ընդգծել, որ սա հակամարտություն է ոչ միայն՝ հայկական կողմի ու Ադրբեջանի միջև, կա նաև երրորդ երկիրը, որն աջակցում է Ադրբեջանին ռազմական և դիվանագիտական ճանապարհով։

«Այդ երկիրը Թուրքիան է, որը նաև տարածաշրջան է բերում ահաբեկիչների: Ցավոք, այդ երկիրը հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ: Եթե ՆԱՏՕ-ի անդամը, որպիսին Թուրքիան է, դադարի հակամարտության կողմ լինել, այդ դեպքում, կարծում եմ, կհասնենք կրակի դադարեցմանն ու կկարողանանք նստել բանակցությունների և գտնել այս հակամարտության խաղաղ լուծումը»,- ասել էր Արմեն Սարգսյանը։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն անդրադառնալով այցին և սպասվող ակնկալիքներին, նշեց, որ, երբ կարողանան ցանկացած իրավիճակում ճիշտ հետևություններ անել ու դասեր քաղել, ապա դա իսկապես կարող է հետագայում դառնալ ավելի հզոր հաղթանակների հիմք։

«Հիմա դասեր քաղելու ձևերից մեկը նաև արտաքին քաղաքականությունն է, որի մասին բազմիցս խոսել ենք, մենք արմատապես պետք է փոխենք արտաքին քաղաքականության փիլիսոփայությունը։ Սրանից հետո արդեն բավական է հերթական նման մոտեցումները՝ սրա հետ լավ լինենք, այս անենք, և այլն։ Այո՛, այդ ամենը մենք հասկանում ենք, բայց պետք է իրատես լինենք և պետությունները դասակարգենք՝ ըստ նրանց կարևորության։ Առաջին տեղում պետք է եղբայրական երկրները լինեն, այնուհետև՝ դաշնակիցները, հարևանները և այլն։ Լավ է, որ գնում ենք Եվրոպա, խոսում ենք, բացատրում ենք, սա լավ է, և այս ամենը ֆորմալ տեսակետից հարաբերությունները պահպանելու համար լավ է։ Այսպիսի ծանր վիճակում շատ ավելի լավ է այլ տեղեր այցելենք, սա իմ խորին համոզումն է։ Պետք է  հասկանաք, թե նման իրավիճակում ով կարող է ռեալ աջակցություն ցուցաբերել մեզ, այո, կան երկրներ, որոնք դա կարող են անել, դրանք մեր եղբայրական երկրներն են։ Երկրներ կան, որոնք հայտարարություններով են աջակցում, երբեմն՝ շատ կոշտ, սա էլ է կարևոր»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով Թուրքիայի փոխնախագահի հայտարարությանը, որ Թուրքիան, մասնավորապես՝ նախագահ Էրդողանը, չեն հապաղի զորք ուղարկել Արցախ, եթե Ադրբեջանը նման խնդրանքով դիմի իրենց, Դավիթ Բաբայանը շեշտեց, որ Թուրքիան կարող էր և նման հայտարարություն չանել, քանի որ առանց հայտարարությունների էլ ամեն ինչով օգնում է և պատերազմում Ադրբեջանի կողմից։

«Կա՞ մեկը, ով այս մասին չգիտի, Թուրքիայի հայտարարությունները մեզ չեն հետաքրքրում, մեզ հետաքրքրում են նրանց գործողությունները։ Ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի՝ մենք ունենք «ազնիվ» թշնամիներ, որոնք երբեք չեն թաքցնում իրենց բուն նպատակները»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։