Հանուն Արցախի ժողովրդի գոյության՝ պետությունների և միջազգային կառույցների կողմից անհապաղ պետք է սկսվի Արցախի անկախության ճանաչումը


09:39 , 22 հոկտեմբեր, 2020

Հանուն Արցախի ժողովրդի գոյության,

հանուն մարդու անօտարելի իրավունքների պաշտպանության,

հանուն միջազգային ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի,

հանուն միջազգային իրավակարգի լիակատար չփշրման,

հանուն խաղաղության,

հանուն ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության գործնական ապահովման,

հանուն համամարդկային արժեքների պաշտպանության,

հանուն պետությունների և միջազգային կառույցների սեփական հեղինակության,

հանուն անտարբերության խավարի նկատմամբ` արդարության համար պայքարի հաղթանակի (յուրաքանչյուր անհատի ներգրավմամբ, աշխարհի որ հատվածում էլ որ նա լինի),

 հանուն ներկայի և ապագայի.

1. Պետությունների և միջազգային կառույցների կողմից անհապաղ պետք է սկսի և թափ առնի Արցախի անկախության ճանաչումը,

2. ՄԽ համանախագահ երկրների կողմից միասնաբար կամ յուրաքանչյուրի կողմից առանձին Ադրբեջանին պետք է ներկայացվի շատ հստակ և կարճ ժամկետ ունեցող վերջնագիր՝ կամ Ադրբեջանը նշված ժամկետի մեջ դադարեցնում է ցանկացած ռազմական գործողություն և առանց նախապայմանների վերադառնում բանակցային գործընթաց, կա՛մ համանախագահները ճանաչում են Արցախի անկախությունը,

3. Ադրբեջանի համար պետք է լինի միանշանակ` կոնֆլիկտի կարգավորման քաղաքական բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն ու միայն հրադադարի լիարժեք հաստատման և վերահսկման մեխանիզմների գործարկման պարագայում,

4. Ադրբեջանի առկա պահվածքից չհրաժարվելը պետք է միարժեք փոխի բանակցությունների բովանդակությունը. այն է` բանակցություններ անկախության թեկուզև մասնակի ճանաչում ստացած Արցախի և Ադրբեջանի սահմանների հստակեցման շուրջ:

ՌԴ, Ֆրանսիա, բարեկամ երկրներ, ԵՄ, ԱՄՆ, պետություններ, միջազգային կառույցներ, անհատներ, դիվանագետներ, Սփյուռք. շատ արագ գործելու ժամանակն է, յուրաքանչյուր րոպե հապաղման գինը մարդկային կյանքեր են...