Արևմուտքը ողջունել է ՌԴ միջնորդությունը, ՌԴ-ն ունի մանդատ՝ բոլորի կողմից արտոնված․ եթե միջամտի խնդրի լուծման համար, ոչ ոք չի դատապարտելու


14:36 , 21 հոկտեմբեր, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանի՝ Բրյուսել մեկնելը և այնտեղ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ ունենալու հանգամանքը շատ կարևոր է, միգուցե ավելի շուտ էր պետք կազմակերպել միջազգային հանրության գնահատականներն ավելի թիրախային և օբյեկտիվ դարձնելու համար: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Օրինակ՝ մինչ Գյանջային հարվածելը, կասետային ռումբերով Արցախի մայրաքաղաքն ու այլ քաղաքներն էին ռմբակոծվում, բայց ոչ մի հայտարարություն այդ մասով չի եղել: Սա նշանակում է, որ մեր դիվանագիտությունը բացթողումներ ունի, և այդ բացթողումները պետք է վերականգնվեն: Եթե հայտարարություն չի արվում Ստեփանակերտի մասով, չպետք է արվի նաև Գյանջայի մասով»,- ասաց նա:

Հարցին՝ Անվտանգության խորհրդի նիստին է մասնակցել, որից հետո տեղեկություն շրջանառվեց, թե Արցախի հետ կապված փաստաթուղթ կար Փաշինյանի սեղանին, որը նա ներկայացրել է, ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը, ի՞նչ է քննարկվում, պատգամավորն արձագանքեց, որ դա մամուլում տպագրված նյութ է, որն իրականությանը չի համապատասխանում:

Հարցին էլ՝ ստեղծված իրավիճակում ինչպե՞ս է խնդրի լուծման ելքը պատկերացնում, Մարուքյանն ասաց, որ այս իրավիճակում ելքը զինված ուժով նրանց հետ շպրտելն է, որովհետև մեզ որևէ այլընտրանք թողնված չէ. պետք է ուղղակի ջախջախել ու հետ շպրտել:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք ՌԴ-ին պետք է դիմել պաշտոնապես վերջնական լուծման հասնելու համար, նա ասաց. «Ես չեմ կարող ասել, ես չգիտեմ՝ պաշտոնապես դիմել են, թե չեն դիմել: Հստակ մեկ բան կարող եմ ասել՝ ՀԱՊԿ-ին դիմելու հարց չի քննարկվում, դիմելու հարկ չկա այս պահին: Ինչ վերաբերում է ՌԴ-ին, նա ունի իր վրա վերցրած մի բեռ այս պահին, որը դեռ չի իրագործվել, դա հումանիտար զինադադարն է»:

Իսկ թե ստեղծված իրավիճակում Արևմուտքն ի՞նչ դերակատարում պետք է ունենա, ՌԴ-ն ի՞նչ դերակատարում պետք է ունենա, Հայաստանի հայացքը դեպի ՌԴ պետք է ուղղվի, թե՞ դեպի Արևմուտք կամ Արևելք, Մարուքյանն ընդգծեց. «Հայաստանի անկախության օրվանից սկսած՝ Հայաստանի հայացքն ուղղված է Ռուսաստանին, հայացքի թեմա չի քննարկվում, Հայաստանն ունի մեկ ռազմավարական գործընկեր, դա Ռուսաստանն է, Հայաստանը գտնվում է միայն մեկ ռազմաքաղաքական կառույցում, որը գլխավորում է Ռուսաստանը, դա այն է, ինչ ունենք, դա լավ է, թե վատ, այս օրերի ընթացքում մենք տեսանք, բայց դրա այլընտրանքը չենք ունեցել, չկա դրան այլընտրանք»:

Մարուքյանը շեշտեց՝ Արևմուտքը ողջունել է Ռուսաստանի միջնորդությունը, այսինքն՝ Ռուսաստանն ունի մանդատ հենց հիմա բոլորի կողմից արտոնված, որ եթե հիմա միջամտի, որևէ մեկը չի դատապարտելու այդ միջամտությունը, որ այս հումանիտար զինադադարը կյանքի կոչվի, հիմա գնդակը ՌԴ դաշտում է: