Ադրբեջանի ԱԳ նախարարն աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել
12:35 , 21 հոկտեմբեր, 2020
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, հայտնել է արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան։
«Ռուսական կողմի հետ խորհրդակցությունների համար Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել նաև Զոհրաբ Մնացականյանը, որը պատրաստվում է հանդիպում ունենալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
«Օրակարգում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն է և կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցը»,- նշել է Նաղդալյանը։