ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում ռազմական դրության ընթացքում հարկային արտոնությունների հարցն է. LIVE


11:24 , 21 հոկտեմբեր, 2020

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում երկու նախագիծ է՝ Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ տրամադրելու մասին և Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին։

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն ասաց, որ նախագծերի ընդունման հրատապությունը պայմանավորված է հայտարարված ռազմական դրությամբ և երկրում ստեղծված իրադրությամբ։

«Առաջին նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է հնարավորություն ընձեռել, որպեսզի կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող և այնուհետև հումանիտար, առողջապահական, նաև ռազմական նպատակներով պետությանը հանձնվող ապրանքների շղթայում չձևավորվեն հարկային պարտավորություններ։ Եվ դրանով իսկ գործընթացը լինի ավելի հեշտ և ավելի օպերատիվ»,- ասաց նա։

Երկրորդ նախաձեռնությամբ, ըստ փոխնախարարի, առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որպեսզի բանկերը և վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունները։