Բարսելոնայի հայ համայնքը երկրորդ հանրահավաքն է անցկացրել Արցախի անկախության ճանաչման պահանջով


02:47 , 20 հոկտեմբեր, 2020

Armenpress.am-ը գրում է․

Բարսելոնայի հայ համայնքը երկրորդ հանրահավաքն է անցկացրել` Իսպանիայի իշխանություններից պահանջելով դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Արցախի դեմ և ճանաչել Արցախի անկախությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Իսպանիայի Բարսելոն քաղաքի «Հայկական մշակութային միության» ատենապետ Տաթև Սուլյանը հայտնեց, որ ակցիան տեղի է ունեցել Իսպանիայի Կառավարության Կատալոնիայի ներկայացուցչության դիմաց։

«Ակցիան կազմակերպել էին Կատալոնիյայի հայկական կազմակերպությունները։ Մասնակիցները պահանջում էին, որ Իսպանիան դատապարտի Թուրքիայի և ահաբեկիչ վարձկանների ներգրավվածությունը, քայլեր ձեռնարկի պատերազմի անհապաղ դադարեցման համար և ճանաչի Արցախի անկախությունը: Հանրահավաքի ընթացքում ելույթներ հնչեցին իսպաներենով, կատալոներով և հայերենով։ Աղոթքով և ողջույնի խոսքով հանդես եկավ Արևմտյան Եվրոպայի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հայրապետական Պատվիրակ և Վատիկանում ներկայացուցիչ՝ Գերաշնորհ Տեր Խաժակ արք. Պարսամյանը։  Հանրահավաքի մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր նահատակների և Արցախի հերոսի կոչմանն արժանացած, իսպանահայ Արմեն Կնյազյանի հիշատակը, որ զոհվել էր Արցախում հոկտեմբերի 10-ին։Ելույթով հանդես եկան Տաթև Սուլյանը, Արփինե Հովհաննիսյանը, Նիկոլայ Մանուկյանը, Աբել Րիուն և Էմմի Մանուկյանը»,- ասաց Սուլյանը:

 Իսպանիայի Բարսելոն քաղաքի «Հայկական մշակութային միության» ատենապետ Տաթև Սուլյանը նշեց, որ ավելի քան 700 հայորդիներ կոչերով դիմել են Իսպանիայի կառավարությանը` դատապարտելով իր որդեգրած անտարբերությունը։

«Ներկաները դատապարտեցին նաև իսպանական լրատվամիջոցների ոչ ամբողջական լուսաբանումը, իսպանական ընկերությունների` Թուրքիային և Ադրբեջանին զենքի վաճառքը։ Ուղերձներով պահանջվեց, որ Իսպանիան որպես ԵՄ և ԵԱՀԿ-ի անդամ իր լռության պատը քանդի ու որպես զարգացած, ժողովրդավար, խոսքի ազատության կողմնակից և մարդու իրավուքները պաշտպանող երկիր իր տեսակետը հայտնի արցախահայությանը սպառնացող վտանգի մասին»,- նշեց Տաթև Սուլյանը:

Իսպանիայի Բարսելոն քաղաքի «Հայկական մշակութային միության» ատենապետ Տաթև Սուլյանը հավելեց, որ կատալոնահայության պահանջները գրավոր ձևով փոխանցվել են Իսպանիայի Կառավարության Կատալոնիայի ներկայացուցչությանը: