«Նայե՛ք, ձեր հայրը հերոս է, հերոսի երեխաները լաց չեն լինում, գլուխներդ միշտ վեր պահեք». Արմաշում վերջին հրաժեշտն են տվել հերոս Հովհաննես Խաչատրյանին


14:56 , 17 հոկտեմբեր, 2020

Հերոսի երեխաները լաց չեն լինում...

Հայրենիքի ազատության համար նահատակված հերոսների անմահության աստղաբույլին գնաց միանալու նաև մեր դպրոցի նախկին շրջանավարտ Հովիկ Խաչատրյանը։ Նա ընտրեց հավերժի ճանապարհը՝ թողնելով 3 երեխաներին
և երիտասարդ կնոջը՝ Սոնային։ Վիշտն անասելի է, հոգեհանգիստը՝ ահասարսուռ․ ճանապարհում էին Հովիկին և նրա մորը, ով մահացել էր հենց նույն օրը։

Ազդեցիկ ու սթափեցնող էին Սոնայի խոսքերը՝ ուղղված իր երեք անչափահաս երեխաներին․

- Նայե՛ք, ձեր հայրը հերոս է, չփորձեք լաց լինել, հերոսի երեխաները լաց չեն լինում, գլուխներդ միշտ վեր պահեք, որովհետև ձեր հայրը չի մահացել, նա անմահացել է։

Հավե՜րժ փառք քեզ, հերոս Հովհաննես Խաչատրյան։