«Վերջին 14 օրվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության աճը հասնում է 113 %-ի». Ռոմելլա Աբովյան


23:23 , 13 հոկտեմբեր, 2020

Armday.am-ը գրում է․

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը երկրում՝ հայտնելով, որ վերջին շրջանում հիվանդության աճ է նկատվում:

«Բոլորս դիտարկում ենք կորոնավիրուսային հիվանդության, դեպքայնության և հիվանդացության աճ: Վերջին 14 օրվա ընթացքում այդ աճը հասնում է 113 %-ի: Պատճառները բոլորիս պարզ են. ելնելով ռազմական դրությունից, մեր բնակչության ուշադրությունը սևեռվել է դեպի արտաքին թշնամին, սակայն չպետք է մոռանանք, որ այստեղ ունենք անտեսանելի թշնամի, որն ուղղակիորեն մեր թիկունքը թուլացնում է»,- ասաց ԱՆ ներկայացուցիչը՝ նշելով, որ ստեղծված իրավիճակը կանոնները չպահպանելու հետևանք է:

Նա կրկին հիշեցրեց և կոչ արեց՝ պահել 3 կարևորագույն կանոն՝ դիմակ կրելը, ձեռքերն ախտահանելը և սոցիալական հեռավորություն պահպանելը: