«Թուրքիայում փոքրամասնությունները երկրորդ կարգի քաղաքացիներ են համարվում». France 24-ը ներկայացրել է թուրքաբնակ հայերի մտահոգությունները ԼՂ հակամարտության սրմանը զուգահեռ (Video)


20:32 , 13 հոկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Ֆրանսիական France 24 հեռուստաալիքը զրուցել է Թուրքիայում բնակվող և գործող հայերի հետ: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրմամբ՝ Թուրքիայի 70 000 անդամ ունեցող հայ համայնքը նույնպես շաբաթներ շարունակ կրկին ենթարկվում է սպառնալիքների և ահաբեկումների»,- հաղորդում են հեռուստաալիքի թղթակիցները:

Նրանք զրուցել են տեղի հայկական պատմական համայնքի ներկայացուցիչ,  ատամնաբույժ Թաթյոս Բեբեքի հետ, որն ասել է. «Մենք վախենում ենք, քանի որ Թուրքիայում փոքրամասնությունները երկրորդ կարգի քաղաքացիներ են համարվում»:

Հեռուստաալիքն անդրադարձ է կատարել 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաև «Ակօս» երկլեզու թերթի հիմնադիր և խմբագիր Հրանտ Դինքի սպանությանը:

«Ակօս»-ի ներկայիս գլխավոր խմբագիր Երվանդ Տանձիկյանը նշել է, որ հայերը մշտապես թիրախավորված են Թուրքիայում:

«Նախագահ Էրդողանն ինքն է ատելության լեզվով խոսում՝ ուղղված հայերի դեմ»,- հեռուստաալիքին տված հարցազրույցում շեշտել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:

 Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ