11:50 , 30 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Արդեն մեկ ամիս է՝ թանկացել է Չարենցավան-Բջնի ներմարզային երթուղին: «Առաջին լրատվական»-ը Կոտայքի մարզպետարանից փորձեց պարզել՝ արդյոք կա՞ն ներմարզային տրանսպորտային թանկացումներ: Մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Օհանյանը նշեց, որ տրանսպորտային որևէ թանկացում չկա մարզում: «Առաջին լրատվական»-ի այն հարցադրմանը, թե ինչ է այդ դեպքում Չարենցավան-Բջնի երթուղու սակագնի՝ վերջին մեկ ամսում նախկին 150-ի փոխարեն 200 դրամ սակագնի սահմանումը, Արմեն Օհանյանը ճշտելուց հետո ասաց, որ դա թանկացում չէ:
«Դա իր մրցութային գինն է, այդ արժեքով է շահել սպասարկող ընկերությունը։ Հիմա դարձրել է 200 դրամ, որովհետև այդ երկու հարյուր դրամի սահմանում է շահել մրցույթը»,- ասաց Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը: Նա նշեց նաև, որ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումը տեղյակ է այդ մասին: