Թե ինչ եղավ Ադրբեջանի նախապայմանների հետ, և ինչ ուղղությամբ կընթանա գործընթացը, պարզ կլինի արդեն հաջորդ փուլերում


10:51 , 10 հոկտեմբեր, 2020

Շատ երկար բանակցություններից հետո Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները ՌԴ միջնորդությամբ պայմանավորվեցին հումանիտար հրադադար հաստատել:

Համառոտ՝ ամենակարևորի մասին.

12:00-ից կհաստատվի հրադադար հումանիտար նպատակներով: Դուրս կբերվեն դիերը, կփոխանակվեն գերիները:

Ուշագրավ է «ռազմագերիների և այլ պահպանվող անձանց» փոխանակումը: Թե ովքեր են այլ պահպանվող անձինք, կհասկանանք մոտ ապագայում:

Կողմերն անմիջապես անցնում են սուբստանտիվ բանակցությունների: Խոսք չկա վստահության վերականգնման ու հետագա սրացումները կանխող մեխանիզմների մասին:

Չի խոսվում ո՛չ նոր հրադադար կնքելու, ո՛չ 1994-95-ի հրադադարի համաձայնագրին վերադառնալու մասին:

Բանակցային ձևաչափը չի փոխվում, այսինքն`Թուրքիան ոչ մի կարգավիճակով բանակցություններին չի ներգրավվում, Արցախի մասնակցության մակարդակն էլ չի բարձրացվում:

Բանակություններն ընթանալու են հիմնարար սկզբունքների հիման վրա` ինքորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառման: Այլ բովանդակություն դեռ չի հստակեցվում:

Իսկ թե ինչ եղավ Ադրբեջանի նախապայմանների հետ, և ինչ ուղղությամբ կընթանա գործընթացը, պարզ կլինի արդեն հաջորդ փուլերում: Այժմ շատ բան կախված է լինելու հրադադարի պահպանման ճշգրտությունից: Չեն կարող լինել բանակցություններ, երբ սահմանին կրակում են: