«Ռոմա»-ն հումանիտար օգնություն է ուղարկում Հայաստան


23:49 , 9 հոկտեմբեր, 2020

168.am-ը գրում է․

Իտալական «Ռոմա» ակումբի հիմնադրամը Իտալիայում Հայաստանի դեսպանությանն է փոխանցել հագուստով եւ սպորտային հանդերձանքով 117 ծանրոց, որոնք կտրամադրվեն Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով տուժած խաղաղ բնակչությանը: Ծանրոցները կփոխանցվեն «Ռոմա»-ի հայաստանյան ֆան ակումբին: Այս մասին տեղեկանում ենք «Ռոմա»-ի պաշտոնական կայքէջից:

«Մի կողմ թողնելով ցանկացած քաղաքական նկատառում՝ «Roma Cares Foundation» հիմնադրամը կա եւ կլինի «Ռոմայ»-ի ամենակարիքավոր երկրպագուների կողքին, որտեղ էլ որ նրանք գտնվեն: Այս նվիրատվությամբ մենք մտադիր ենք առաջին կոնկրետ օգնությունը ցուցաբերել երեխաներին, կանանց եւ տղամարդկանց, որոնք հայտնվել են ծայրահեղ բարդ իրավիճակում», – ասել է ակումբի գլխավոր տնօրեն Գվիդո Ֆիենգան:

Ծանրոցների մեջ կան շապիկներ, մարզական շորտեր, սպորտային հագուստներ, վերնաշապիկներ և այլ տեսակի հագուստ, որոնք նախատեսված են երեխաների, կանանց և տղամարդկանց համար:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իր ակումբի տնօրինությանը աջակցության համար: