«Առավոտ». ԵՄ-ն «երկնագույնների» հոմանիշը չէ


07:48 , 30 հուլիս, 2013

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է.

«Եթե Հռոմի պապը միասեռականների մասին ասում է՝ «ո՞վ եմ ես, որ նրանց դատեմ», ապա դա բացարձակապես չի նշանակում, որ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը կողմ է կամ խրախուսում է այդ ախտը։ Ոչ մի քրիստոնյա հոգևորական և առհասարակ՝ ոչ մի քրիստոնյա չի կարող դրական վերաբերմունք ունենալ սոդոմական մեղքի նկատմամբ։ Խոսքը բոլորովին այլ բանի մասին է. մենք՝ մահկանացուներս, չենք կարող ինքներս մեզ որևէ մեկի գլխին բարոյական դատավոր կարգել, որովհետև ոչ մեկս կատարելության մարմնավորում չենք։ Իսկ ով այնքան է գոռոզանում, որ իրեն ինչ-որ առումով կատարյալ է համարում, նրա վերջը սովորաբար վատ է լինում։

 Պարզ, հասկանալի արժեքներ՝ չեմ կարծում, որ դրանք 100 տոկոսով եվրոպական են կամ նույնիսկ՝ զուտ քրիստոնեական, բայց դրանց, համոզված եմ, պետք է ձգտեն բոլոր ազգերը։ Ունեցիր քո կյանքը, քո համոզմունքները, քո տեսակետները, բայց երբեք դրանք ուրիշների համար էտալոն մի համարիր։ Ի՞նչ վատ բան կա դրանում։ Եվ խոսքն այստեղ ոչ միայն և ոչ այնքան սեռական կյանքի մասին է, որքան այն սկզբունքների, որոնց միջոցով կազմակերպվում են քաղաքական, հասարակական կյանքը, բիզնեսը, մշակույթը։

 Եվրամիության հետ Հայաստանի բանակցությունները հաջողությամբ ավարտվել են։ Ես չգիտեմ՝ արդյոք մեր իշխանությունը փաստարկներ կգտնի՞, որոնք կհամոզեն ռուսներին շատ չխանդել և շատ սարսափելի հետևանքներով մեզ չսպառնալ։ Հուսանք, որ այդպիսի փաստւծրկներ կգտնվեն՝ Ռուսաստանի հետ մենք պարտավոր ենբ պահպանել դաշնակցային հարաբերություններ։ Բայց մի բանում վստահ եմ՝ Վիլնյուսում նոյեմբերի 29-ին նախաստորագրվելիք պայմանագիրը ոչ մի կապ չունի միասեռական ամուսնությանները կամ գեյ-շքերթները թույլատրելու հետ։ Այդ հեքիաթները տարածում են Ռուսաստանի ազդեցության գործակալները, իսկ մեր համաքաղաքացիների մի մասը հակված է հավատալ կացնային բարոզչությանը։ Ոչ մի կասկած չունեմ, որ Հայաստանում ԵՐԲԵՔ նման օրենքներ չեն ընդունվի՝ հազվադեպ եմ ապագայի մասին գրու, համոզվածության այս աստիմանով, սակայն սա հենց այդ դեպքն է»:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: