ԵԱՀԿ ԽՎ նախագահը լիակատար աջակցություն է հայտնել Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարությանը և կոչ արել դադարեցնել ռազմական բախումներն՝ ի շահ խաղաղ բնակչության


19:56 , 6 հոկտեմբեր, 2020

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) նախագահ Գիորգի Ծերեթելին, անդրադառնալով «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչպես նաև շփման գծի սահմաններից այն կողմ շարունակվող արյունահեղությանը», կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները՝ ելնելով քաղաքացիական բնակչության շահերից, և վերսկսել բանակցություններն՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ սկզբունքների և պարտավորությունների համաձայն: Այս մասին հաղորդվում է ԵԱՀԿ ԽՎ կայքում:

«Մենք շարունակում ենք խորապես մտահոգվել հակամարտության հետևանքով զոհերի աճի մասին հաղորդումներով, մասնավորապես՝ տեղի բնակչության վրա ազդեցությամբ, որը, չնայած պաշտպանության մասին պարտավորությանը, շարունակում է տառապել չդադարող բախումներից: Մենք լիովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների և ԱԳ նախարարների՝ առանց նախապայամանների կրակը դադարեցնելու կոչին»,-ասել է Ծերեթելին:

ԵԱՀԿ ԽՎ նախագահը մտահոգություն է հայտնել նաև արգելված կասետային ռումբերի օգտագործման վերաբերյալ՝ նշելով, որ ԵԱՀԿ ԽՎ-ն 2008թ.-ին բանաձև է ընդունել, որով կոչ է արվում բոլոր անդամ երկրներին «արգելել կասետային զինամթերքի օգտագործումը, զարգացումը, արտադրությունը, ձեռքբերումը, պահեստավորումը կամ տեղափոխումը»:

«Որպես երկխոսության հարթակ՝ ԵԱՀԿ ԽՎ-ն կողմերի խնդրանքով պատրաստ է խորհրդարանական բանակցություններ վարել», - ավելացրել է Ծերեթելին:

Կազմակերպության գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան հավելել է, որ ԵԽԽՎ ԽՎ-ն, որպես երկխոսության հարթակ, շարունակում է պատրաստ լինել խորհրդարանական բանակցություններ կազմակերպելու համար, եթե կողմերը նման խնդրանքով դիմեն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 251 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։