ԵԽԽՎ-ում քննադատել են ԼՂ հակամարտության հարցում Թուրքիայի հռետորաբանությունը


19:25 , 6 հոկտեմբեր, 2020

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովում դատապարտել են Թուրքիայի բորբոքիչ հռետորաբանությունը ղարաբաղյան հակամարտության հարցում և Անկարային կոչ են արել դադարեցնել նման գործունեությունը: Այս մասին ասվում է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի ղեկավար Մայքլ Աստրուպ Յենսենի հայտարարության մեջ:

«Եվս մեկ անգամ հիշեցնում եմ, որ դառնալով Եվրոպայի խորհրդի անդամներ՝ երկու երկրները (Հայաստանը և Ադրբեջանը), պարտավորություն են ստանձնել իրենց տարաձայնությունները կարգավորել խաղաղ ճանապարհով: Դա պարտավորվածություն է, որ դրված է բոլոր անդամ երկրների վրա, ինչը նշանակում է, որ անդամ երկրները պետք է զերծ մնան ցանկացած գործողությունից, որը խրախուսում է հակամարտող կողմերին իրենց վեճերը լուծել ուժի միջոցով»,- ասվում է հանձնաժողովի հայտարարության մեջ:

«Այս առնչությամբ հանձնաժողովի անդամները դատապարտել են Թուրքիայի սադրիչ հռետորաբանությունը, ինչպես նաև հայտարարել են հակամարտությանն անմիջական մասնակցություն ցուցաբերելու մասին և կոչ արել երկրին անհապաղ դադարեցնել այդ գործունեությունը», - հավելել է պաշտոնյան:

Յենսենն ամփսոսանք է հայտնել ինչպես քաղաքացիական անձնանց, այնպես էլ զինվորականների շրջանում զոհերի մասին լուրի համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 251 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։