Ադրբեջանական հրետակոծության հետևանքները Ստեփանակերտում (Photo)


17:34 , 6 հոկտեմբեր, 2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է լուսանկարներ, որոնք պատկերում են Ադրբեջանական հրետակոծության հեևանքները Ստեփանակերտում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ խոսնակը հայտնել էր, որ Արցախի ՊԲ տեղեկություններով՝ կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ գրոհ է սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ:

«Հակառակորդի կողմից անտեսվում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի անվտանգությունը: Մեթոդաբար և շարունակաբար ոչնչացվում են հակառակորդի մեծաթիվ կարողություններ»,- գրել էր նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։