Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սեյրանի քաջագործությունների եւ նրա «գժի թղթի» մասին


22:31 , 29 հուլիս, 2013

Aravot.am-ը գրում է.

«Սուրիկ Խաչատրյանի կազմակերպած հանցախմբի մեջ առանձնահատուկ դերակատարում են ունեցել իր եղբայրները, մասնավորապես՝ Սեյրան Խաչատրյանը (մականունը՝ Աղալար) եւ նրա որդիները: Բոլորը գիտեն, որ Սեյրան Խաչատրյանն է 99-ին հարբած, զինված բանդայով հարձակվել Գորիսի մի շարք բնակիչների վրա, նրանց պատճառել մարմնական ծանր վնասվածքներ: 2000-ին նա է, որ զինված հարձակում է գործել Վերիշեն գյուղի բնակիչ  Վարազդատի տան վրա՝ վերջինիս սպանելու մտադրությամբ: Վարազդատը մի կերպ իրեն նետել է լուսամուտից եւ թաքնվելով՝ փրկել է իր կյանքը»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր հետ կապված ոճրագործությունների մասին նոր բացահայտումներ ներկայացրեց Գորիսի՝ 1992-94 թվականների քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը: Նրա պատմելով՝ 2000թ.-ին Սեյրան Խաչատրյանը կրակել եւ ծանր վիրավորել է Գորիսի բնակիչ մի երիտասարդի վրա, անունը՝ Գարիկ. «Այդ հանցանքների համար ոչ միայն չի պատժվել՝ ձերբակալվել է, քրեական գործ է հարուցվել, բայց կարճ ժամանակ անց նրան տրվել է գժի թուղթ եւ այդ թղթի հովանու ներքո նա չի կրել քրեական պատասխանատվություն: 2000 թ.-ին մի դեպքի առնչությամբ բախում պետք է տեղի ունենար իմ նկատմամբ, ես դիմել եմ Գորիսի ոստիկանապետին, այն ժամանակվա գնդապետ Պետրոսյանին եւ Սյունիքի մարզային դատախազին: Այդ դիմումում նշել եմ, որ հանցագործություն է տեղի ունեցել, որովհետեւ գիժ չի Սեյրան Խաչատրյանը, նրան տրվել է գժի թուղթ, նա մի շարք ոճիրներ է հեղինակել՝ պատասխանատվության չի ենթարկվել: Իսկ եթե գիժ է, ապա նրա տեղը գժանոցում է: Պատասխան ստացել եմ, բայց մինչեւ օրս Սեյրան Խաչատրյանը ոչ բանտում է, ոչ էլ գժանոցում: Իսկ դրանից հետո նա եւ նրա որդիները հեղինակել են բազմաթիվ ոճրագործություններ: Նրա որդին՝ Էլնոր Խաչատրյանը 2004-ին Սերոբ Խաչատրյանի որդու՝ Մայիսի հետ միասին առանձնակի դաժանությամբ սպանել են Գորիսի 30-ամյա բնակիչ, կարծեմ 3 անչափահասների հայր Հովհաննես Բադալյանին: Սեյրան Խաչատրյանի որդին 1 օր անգամ չի ազատազրկվել: Սեյրան Խաչատրյանի չգրանցված, ապօրինի, հարկեր չվճարող օբյեկտներից մեկում էլ 2004-ին Սուրիկ-Սեյրան-Սերոբ Խաչատրյանի մորաքրոջ թոռը՝ Գրիգոր Մանուչարյանը, առանձնակի դաժանությամբ՝ կացնահարելով սպանել է Իրանի իսլամական հանրապետության մի քաղաքացու եւ ազատազրկման է դատապարտվել ընդամենը 13 տարով»: 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ