Ինչո՞ւ է ամառը ծուլացնում մեզ


19:44 , 29 հուլիս, 2013

Отдых горожан в Москве

Հարվարդի համալսարանի գրադարանավար Ջոն Լենգդոն Սիբլին մանրամասն օրագիր էր վարում 1846-1882 թվականներին, որում նա պարբերաբար գանգատվում էր չորացնող ամառային տապից. «Շոգը չորացնում է ինձ, ուժասպառ անում և հիվանդացնում», - գրել է նա 1852 թվականին: Իհարկե, Սիլբին ապրում էր մի դարաշրջանում, երբ մարդիկ դեռ չէին ստեղծել օդափոխիչներ, սակայն վերջերս անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ Սիլբիի դիտարկումները մինչ օրս էլ ակտուալ են. պարզվում է` ամառը իրոք մի եղանակ է, երբ մեր աշխատունակությունն անկում է ապրում: Պատկերավոր ասած` մեր ուղեղը պարզապես թոշնում է:

Առանցքային պահերից մեկն այս պարագայում մոտիվացիան է. երբ եղանակը վատն է լինում, ոչ ոք չի ուզենում փողոց դուրս գալ, բայց եթե պատուհանի այն կողմում արևն է շողշողում, տաք է և անամպ երկինք է երևում, մեզանից շատերն ուզում են թողնել իրենց բոլոր գործերը: 2008 թվականին անցկացված հետազոտությունների ժամանակ ամերիկացիների շրջանակում արված հարցումները ցույց են տվել, որ տղամարդիկ անձրևոտ եղանակի դեպքում միջինը 30 րոպե են ավել մնացել աշխատավայրում: 2012 թվականին Հարվարդի և Հյուսիսային Կարոլինայի համալսարանների հետազոտական խումբը անցկացրեց հետազոտություն՝ ճապոնացի բանկային աշխատողների շրջանակում, որն ունեցավ նման արդյունք. վատ եղանակը բարձրացնում է աշխատակիցների աշխատունակությունը, ինչի մասին վկայում է այս կամ այն հանձնարարության կատարման կամ խնդրի լուծման համար ծախսվող ժամանակը:

Երբ եղանակը բարելավվում էր, աշխատակիցների աշխատունակությունն անկում էր ապրում: Որպեսզի պարզեն, թե ինչու է սա կատարվում, հետազոտողները շարունակեցին իրենց գիտափորձը և առաջարկեցին Հարվարդի համալսարանի մի խումբ ուսանողների իրենց առաջադրանքները կատարել անձրևոտ և արևոտ օրերին: Մինչ առաջադրանքների կատարմանն անցնելը ուսանողներին առաջարկում էին կա՛մ 6 լուսանկար դիտել, որոնց վրա պատկերված էին լավ եղանակի պայմաններում հանգստացող մարդիկ, կա՛մ նկարագրել իրենց հանգստի ինչ-որ դրվագ:

Գիտափորձի արդյունքում պարզվեց, որ այն մարդկանց, ում ցույց էին տրվում լուսանկարները, ավելի ցածր աշխատունակություն էին դրսևորում, որովհետև փոխանակ կենտրոնանային աշխատանքի վրա, նրանք սկսում էին մտածել, թե ինչպես կգերադասեին հանգստանալ` անկախ նրանից, թե ինչ եղանակ էր այդ պահին դրսում (սակայն նկարների ազդեցությունն առավել զգալի էր արևային օրերին): Հաճելի այլընտրանքի մասին միտքն անգամ բերում էր նրան, որ փորձարկվողների կենտրոնացվածությունն անկում էր ապրում:

Թեև լավ եղանակ ասվածը բավականին հեղհեղուկ հասկացողություն է (օրինակ` դահուկասահքի սիրահարի համար լավ եղանակը ձմռանն է հնարավոր միայն), այնուամենայնիվ, ապացուցված է, որ մեր մտածելու արագությունն իսկ անկում է ապրում հենց ամռանը: 1994 թվականին Ջերալդ Քլորը՝ կոգնիտիվ ունակությունների և դատողությունների ձևավորման հետազոտությունների ոլորտում պիոներներից մեկը, բացահայտեց, որ ամառն ունենում է ապակողմնորոշող և կենտրոնացվածությունը խաթարող ազդեցություն: 
Քլորի ղեկավարությամբ գործող փորձագետների խումբը ուսումնասիրություններ անցկացրեց 122 ուսանողներից բաղկացած խմբում: Ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ որքան ավելի լավն էին եղանակային պայմանները, այնքան ավելի հեշտ էր ուսանողներին ինչ-որ բան համոզել՝ բերելով մերկապարանոց պնդումներ, իսկ երբ եղանակային պայմանները ոչ բարենպաստ էին, ուսանողների քննադատական մտածելակերպը ավելի էր ակտիվանում, և այդ պարագայում մենակ կտրուկ փաստարկներն էին ուժ ունենում: 

Քլորը եկավ այն եզրահանգման, որ լավ եղանակը ստիպում է մարդկանց դրսևորել ավելի էվրիստիկ մտածողություն, այսինքն` մարդիկ սկսվում են հենվել պարզունակ մտավոր պրոցեսների վրա՝ արհամարհելով լիարժեք վերլուծությունը:

Ամառային եղանակը, հատկապես երբ շոգ է, և բարձր է խոնավության աստիճանը, կարող է նաև նեգատիվ ազդեցություն ունենալ ձեր էներգիայի վրա` բացի մտավոր ունակությունները դանդաղեցնելուց: Համաձայն հետազոտություններից մեկի արդյունքների` շոգն ու խոնավությունը նաև քնաբեր ազդեցություն են ունենում մարդկան վրա: Նման եղանակը նաև նվազեցնում է մարդկանց` քննադատական դատողություններ անելու ունակությունը, և որքան ավելի է շոգում, այնքան ավելի քիչ է մարդը հակված քննարկելու իրեն տրված հանձնարարություններն ու առաջարկությունները:

Թեթևսոլիկության հանդեպ հակվածությունը բացատրվում է մեր էմոցիոնալ վիճակով: Այս ոլորտում արված բոլոր հետազոտություններին միավորում է մի դրույթ. գոյություն ունի ամուր կապ արևի լույսի և երջանկության զգացողության միջև: Մարդիկ իրենց ավելի երջանիկ են զգում, երբ օրվա ցերեկային հատվածը երկարում է և տաքանում, և ընդհակառակը՝ մարդիկ ավելի քիչ են իրենց երջանիկ զգում, երբ օրերը սկսում են կարճանալ և ավելի հովանալ: Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ տարվա ամենաերջանիկ եղանակը հենց ամառն է:

Ընդհանուր առմամբ, լավ տրամադրությունը կապում են հենց այն էվրիստիկ մտածողության հետ, որի մասին խոսել էր իր հետազոտությունում Քլորը: Մյուս կողմից էլ, վատ տրաբադրությունն այսպես թե այնպես ստիմուլացնում է վերլուծողական մտածողությունը: Այսպիսով, եղանակը կարող է ազդեցություն ունենալ մեզ համար կարևոր որոշումների կայացման հարցում: 

Սակայն պետք չէ գերագնահատել շոգ ամռան դերը մեր լավ տրամադրության վրա, որովհետև երբ օդի ջերմաստիճանը հասնում է իր մաքսիմումին, ամառվա դրական ազդեցությունը սրընթաց սկսում է նվազել: 2013 թվականին անցկացված բարեկեցության վերաբերյալ հետազոտությունը ցույց է տվել, որ այն օրերին, երբ ջերմաստիճանն ավելի բարձր է լինում, քան 32 աստիճանը, մարդկանց մոտ սեփական երջանկության զգացողության վրա եղանակի բացասական ազդեությունն ավելի մեծ է լինում, քան օրինակ ամուսնու մահվան կամ ամուսնալուծության փաստի: