18:39 , 29 հուլիս, 2013Lragir.am-ը գրում է.
Արդեն մի քանի ամիս է` Հայաստանում համաճարակաբաններն իրենց պարտքն են համարում զգուշացնել, որ հարևան Վրաստանում կարմրուկի համաճարակ կա: Ուշագրավ է, որ Վրաստանում կարմրուկի տարածման հարցը Հայաստանում սրվեց հատկապես ամռան սեզոնին ընդառաջ: Հայ մասնագետները Վրաստան մեկնող հայերին խորհուրդ են տալիս մեկնելուց առնվազն 4 շաբաթ առաջ պատվաստվել:
Հայտնի է, որ ամռան ամիսներին Հայաստանից մեծ թվով մարդիկ իրենց հանգիստն անցկացնում են վրացական ծովափնյա բնակավայրերում: Վրաստանի հանգստավայերում այն խոսակցություններն են շրջանառվում, որ հայկական կողմը դիտավորյալ է տարածել կարմրուկի համաճարակի մասին խոսակցությունները, որպեսզի շատ հայեր չմեկնեն Վրաստան հանգստանալու:
Վրաստանում կարմրուկի համաճարակի մասին լուրերը ժպիտով են ընդունում` նշելով, որ համաճարակ չկա ու չի էլ եղել: Իրականում, ինչպես պնդում են վրացիները, այս տարի ոչ մի համաճարակ էլ չի եղել իրենց երկրում, պարզապես կարմրուկով հիվանդացության որոշ դեպքեր են գրանցվել, ինչը սովորական է:
Այն, որ Վրաստանում ոչ մի համաճարակ էլ չկա, կարելի է հասկանալ հենց սահմանային անցակետերում: Համաճարակների դեպքում սահմանային անցակետերում խստացված հսկողություն պետք է իրականացվի: Այնինչ, այս օրերին և Բագրատաշենի, և Բավրայի անցակետերում բժշկական ոչ մի հսկողություն չի իրականացվում, Վրաստան մեկնողներին ու այնտեղից ժամանողներին կարմրուկի վերաբերյալ ոչ մի հարց չի տրվում, բուժզննում չի կատարվում: Համենայնդեպս այս երկու անցակետերով Վրաստան մեկնելու և Հայաստան ժամանելու օրերին նման հսկողության ականատես չեղանք: Ընդ որում, վրացական կողմը, որը սովորաբար ավելի խիստ հսկողություն է սահմանում անցակետում, նույնպես կարմրուկի մասով ոչ մի ստուգում չի իրականացնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ